Մատչելիության հղումներ

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջան անցած հայ զինծառայողի հետ


Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության աշխատակիցները հանդիպել են ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայող Համբարձում Ասատուրյանի հետ:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունից, դա հայ զինծառայողի հետ կազմակերպության աշխատակիցների արդեն երկրորդ հանդիպումն էր:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դիտարկել են այն պայմանները, որոնցում պահվում է Ասատուրյանը, ինչպես նաեւ նրա ֆիզիկական եւ հոգեկան վիճակը:

Ըստ նույն աղբյուրի, հայ զինծառայողի համար իր ընտանիքի հետ նամակագրության պայմաններ են ստեղծվել:

23-ամյա Համբարձում Ասատուրյանը Հայաստանի Արմավիրի մարզից է, զորակոչվել էր այս տարվա մայիսին: Օգոստոսի սկզբին նա ինքնակամ լքել է զորամասը, հատել սահմանը եւ հանգրվանել ադրբեջանցիների մոտ:

Ադրբեջանական մամուլի վկայությամբ, իր արարքը Ասատուրյանը արդարացնում է հայկական բանակում առկա կամայականություններով` հայտարարելով, թե սպաները ծեծում եւ խոշտանգում են զինվորներին:

Մինչդեռ, ինչպես հայտնել է Լեռնային Ղարաբաղի բանակի լրատվական ծառայությունը, Ասատուրյանը 5 տարի շարունակ խուսափել է ծառայությունից: Միայն բերման ենթարկվելուց հետո է նա ծառայության անցել:

Ասատուրյանը բնութագրվում է որպես դժվար դաստիարակվող զինվոր: Երդման արարողությունից հետո նա դիմել է ինքնախեղման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG