Մատչելիության հղումներ

Բրիտանական bmi ավիաընկերությունը մտնում է հայաստանյան շուկա


Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում գործող երկրորդ ամենամեծ ավիաընկերությունը` bmi-ը այսուհետ դառնում է միակ բրիտանական ընկերությունը, որն իրականացնում է թռիչքներ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ:

Ինչպես ասված է ավիաընկերության տարածած մամլո հաղորդագրությունում, bmi-ը հայտարարել է «Բրիտանական ավիաուղիներ»-ի ֆրենչայզ ընկերություն BMED-ի գնման մասին: Դա նշանակում է, որ ի լրումն արդեն իսկ գոյություն ունեցող ուղղությունների, սկսած 2007 թվականի հոկտեմբերի 28-ից, bmi-ը կունենա 17 նոր ուղղություններ Աֆրիկայում, Միջին Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում:

Ավիաընկերությունը ներկայումս իրականացնում է օրական մոտ 170 թռիչք «Հիթրոու» օդանավակայանից եւ հանդիսանում Star Alliance-ի` աշխարհի ամենամեծ ավիաալյանսի անդամ:

«Բրիթիշ Միդլանդ»-ը՝ Միացյալ Թագավորությունում գտնվող bmi-ի սեփականատերը, արդեն իսկ ներդրել է մոտ 30 միլիոն ֆունտ ստեռլինգ BMED-ի արժեթղթերում: BMED-ը, որը ստեղծվել է 1994 թվականին եւ հանդիսանում է «Բրիտանական ավիաուղիներ»-ի ֆրենչայզ գործընկերը սկսած 1997 թվականից, ներկայումս ունի երեք A-320 եւ հինգ A-321 օդանավեր:

Խոսելով գործարքի մասին՝ bmi-ի գլխավոր գործադիր տնօրեն Նայջըլ Թյորները հայտարարել է. - «BMED-ին bmi բերելը ստեղծում է բիզնես` ավելի քան 1 միլիարդ ֆունտ շրջանառությամբ եւ մեծանալու պոտենցիալով: BMED-ը իրականացնում է չվերթներ 16 երկրների 17 ուղղություններով եւ չունի եւ ոչ մի համընկնում bmi-ի ուղղությունների հետ: BMED-ը ունի առաջնակարգ աշխատուժ, եւ մենք ողջունում ենք նրանց մուտքը bmi գրուպ»:

Հայաստանում bmi-ի կոմերցիոն տնօրեն Սիմոն Ավագյանը, իր հերթին, ասել է. - «bmi-ը ունի դրական համբավ ավիաինդուստրիայում, եւ մենք ակնկալում ենք դրական զարգացումներ ապագայում: bmi-ի մուտքը հայաստանյան ավիաշուկա նոր զարգացումներ կարող է ապահովել այս ոլորտում»:

Գործարքից հետո bmi-ի նոր ուղղությունների համար տոմսերի վաճառքը աշխարհով մեկ սկսվում է 2007 թվականի սեպտեմբերի 4-ից, ներառյալ www.flybmi.com ինտերնետային կայքի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG