Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի` Հայաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները դարձյալ խոսում են պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի` ամենամոտ ապագայում սպասվելիք պաշտոնանկության մասին: «Ըստ այդ աղբյուրների, նախարարությանը հրաժեշտ տալուց հետո գեներալ Մանվելը կտեղափոխվի Հայաստանի նախագահի աշխատակազմ` որպես նախագահի խորհրդական», - գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը, փաստելով, որ անցած շաբաթավերջին եւ հատկապես հանգստյան օրերին Հայաստանում մի շարք ապրանքներ թանկացել են, ընդգծում է. - «Ուշագրավը եւ թերեւս զավեշտալին այն է, որ ընդամենը անցած շաբաթ ՀՀ կառավարությունը իր նիստում որոշել էր բարձրացնել թոշակները, եւ այդ որոշման վրա նույնիսկ թանաքը չի չորացել: Այլ կերպ ասած, մի կողմից` կառավարությունը բարձրացնում է թոշակները, մյուս կողմից` կտրուկ թանկանում են բազմաթիվ ապրանքներ, այդ թվում` առաջին անհրաժեշտության»: «Այն, որ այդպես է լինելու, կանխատեսվում էր դեռ այն ժամանակ, երբ հազարավոր մարդկանց ստիպում էին մասնակցել «Քեզ համար, Հայաստան» լոզունգով շոուներին, երբ մարդկանց ձայնը առնում էին 10-20 հազար դրամով, երբ ցուցակներով բերում էին ընտրատեղամասեր», - բխեցրել է խմբագիրը։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը նախագահական ընտրություններին ընդառաջ պարզեցրել է. - «Խնդիրն այն չէ, թե ով է դառնալու նախագահ, այլ՝ ինչպես է նա դառնալու։ Անձի հետ կապված այլընտրանքներ կան։ «Ինչպես»-ի հարցում այլընտրանքներ, ես, ճիշտն ասած, այս պահին չեմ տեսնում... Շուտով սկսվելու է ընտրարշավը, թեկնածուները ինչ-որ բառեր են արտասանելու, խոստումներ են տալու, քննադատելու են իրար։ Բայց այդ ամենը նույնպես մնալու է դեկլարացիա, արտաքին շղարշ»։ Իսկ իրականում, ըստ խմբագրականի, ընտրությունների ճակատագիրը որոշվելու է այլ տեղ. - «Կրիմինալի մեջ թաղված X թաղապետը [եւ հազարավոր այլ չինովնիկներ] իր տրամադրության տակ գտնվող հանցագործ խմբերով աշխատելու է որոշակի թեկնածության օգտին։ Տրամաբանական է, որ դա կլինի իշխանության թեկնածուն։ Բայց եթե զուտ տեսականորեն ենթադրենք, որ նա կաշխատի որեւէ այլ թեկնածուի համար, եւ հաղթի այդ թեկնածուն, միեւնույն է՝ դրանից համակարգը չի փոխվի»։

«168 ժամ» թերթի աղբյուրների փոխանցմամբ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանին, որի որդիներից մեկը նախորդ գումարման Ազգային ժողովում ՀՅԴ կուսակցական ցուցակով էր պատգամավոր դարձել, մյուս որդին՝ այս տարվա մայիսի ընտրություններին եւ դարձյալ ՀՅԴ ցուցակով, առաջարկել է 10 միլիոն դոլար ծախսել ՀՅԴ նախագահական թեկնածուի նախընտրական արշավի վրա։ Ըստ նույն աղբյուրների, Հրանտ Վարդանյանը տվել է իր համաձայնությունը («թերեւս երկու որդիների՝ ՀՅԴ ցուցակով ընտրվելու եւ քաղաքական տանիք ձեռք բերելու դիմաց»)։ «Այդպիսով», - եզրակացրել է թերթը, - «ՀՅԴ-ն կլեգալացնի կուսակցության ֆինանսավորման հայաստանյան աղբյուրը, հետեւաբար՝ նաեւ ՀՀ նախագահի իրենց թեկնածուի ֆինանսական հենարանը, եւ ՀՅԴ-ն զերծ կմնա դրսից ֆինանսավորվելու մասին մեղադրանքներից»։

«Հայք»-ը, փոխանցելով, թե «օրերս ընդհարում է տեղի ունեցել Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի եւ ՀՀԿ-ի աջակցությամբ պատգամավոր ընտրված Զոհրաբ Զոհրաբյանի միջեւ, մանրամասնել է. - «ՀՀԿ-ականների ընդհարումը, որի ընթացքում գործը հասել է փոխադարձ վիրավորանքների եւ անգամ ձեռնամարտի, կապված է Բարեկամության հրապարակի անցումի առեւտրային կետերի հետ, որը ժամանակին հանդիսացել է հանրապետականներ Շահինյանի եւ Զոհրաբյանի համատեղ սեփականությունը, իսկ այժմ մաս-մաս վաճառվել է առեւտրականներին։ Շահինյանը Զոհրաբյանին մեղադրել է վաճառքի գումարները յուրացնելու մեջ եւ նրանից պահանջել ետ վերադարձնել դրանք»։

«Ժամանակ-Երեւան» թերթը, տեղեկացնելով, թե պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը օրենքի նախագիծ է մշակել, որի համաձայն պատգամավորները Ազգային ժողովի նիստերին պետք է ներկայանան միայն փողկապներով եւ սպիտակ վերնաշապիկներով, գնահատել է. - «Անշուշտ, քիչ հավանական է, որ այս նախագիծը ստանա ԱԺ մեծամասնության հավանությունը, քանի որ մեր կոպիտ հաշվարկներով նշված ատրիբուտները (փողկապն ու սպիտակ վերնաշապիկը) ծանոթ են 131 պատգամավորներից հազիվ 20-ին»։ «Անգամ եթե ընդունվի այս նախագիծը, ապա կարծում ենք՝ այն հետագայում պետք է զարգացվի», - հեգնել է թերթն ու հավելել. - «Հաջորդ անգամ թերեւս Վիկտոր Դալլաքյանը կառաջարկի «Կանոնակարգ» օրենքում նշել, որ վերնաշապիկի փողքերը պետք է անպայման մտցնել տաբատի մեջ եւ վերեւից մինչեւ երրորդ կոճակը կոճկել»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG