Մատչելիության հղումներ

Օսկանյանը ելույթ է ունեցել Եվրամիության Նոր հարեւանության քաղաքականության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը


Այսօր Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական Միության (ԵՄ) եւ ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տեղեկացմամբ, «Միասին աշխատելով՝ հզորացնենք Նոր հարեւանության քաղաքականությունը» նշանաբանի ներքո անցկացվող համաժողովը բացեցին Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրամիության ներկայիս նախագահող երկրի՝ Պորտուգալիայի արտգործնախարար Լուիշ Ամադուն եւ Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ու ընդլայնման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

Համաժողովին ելույթով հանդես եկավ նախարար Օսկանյանը:

Պատմական ակնարկ կատարելով Եվրամիության ստեղծման տարիներին` նախարարը նշեց, որ վերջինիս հիմնադիրները երազում էին խաղաղություն եւ բարօրություն դեռ այն ժամանակ, երբ երկուսն էլ անհասանելի էին թվում: Այսօր երկուսն էլ երաշխավորված իրողություններ են եվրոպացիների համար, ովքեր սկսել են մարդկային արարածների միջեւ կապել կամուրջներ, որոնք տարանցում են հնօրյա սահմանագծերը եւ ինստիտուցիոնալ նորահայտ կերպարանք են, որն այս Միությունն է:

Խաղաղությունն ու բարեկեցությունը շարունակում են մնալ Միության եւ աշխարհի օրակարգում` իբրեւ առավել բախտորոշ կռվաններ:

Թե' այս հիմնախնդիրները եւ թե' նրանց լուծումները անհրաժեշտաբար վերսահմանային են: Միեւնույն ժամանակ, մինչ հեռավորությունները շարունակում են սեղմվել, մինչ ազգային եւ տեղական գործերը միջազգային հնչեղություն ու ներազդեցություն են ձեռք բերում, Միությունը, հանուն սեփական եւ մեր շահերի, պատմական որոշում կայացրեց ներգրավելու իր հարեւաններին` կիսելու իր արժեքները, կրկնօրինակելու իր տնտեսական հաջողությունները եւ ներդաշնակվելու իր ժողովրդավարական չափորոշիչներին:

Նախարարը նշեց, որ ողջունելով այս նախաձեռնությունը` մենք ձեռնամուխ եղանք ՆՀՔ-ին: Գործողությունների ծրագրերը նախապատրաստելիս մենք վերլուծեցինք, գնահատեցինք եւ հանրագումարի բերեցինք մեր ձեռքբերումներն ու կարիքները:

Արդեն իսկ առաջին տարվա ընթացքում Գործընկերության ծրագիրը մեզ հնարավորություն ընձեռեց եւ ուղեցույց հանդիսացավ առավել ակտիվ կերպով շարունակել քաղաքական, տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումները:

Տնտեսական բազմաբնույթ եւ տարամակարդակ ինտեգրման հնարավորություններ է ընձեռում մեր օրենսդրության, իրավական նորմերի եւ չափորոշիչների ուղղորդված եւ արագացված համապատասխանեցումը ԵՄ-ի չափանիշներին: Շուտով մենք կսկսենք բաժնեմասեր ունենալ եվրոպական շուկաներում, իսկ Եվրոպան` մեր շուկայում:

«Սա է տարբերությունը ENP-ի (Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության) եւ այն ամենի միջեւ, ինչ մենք արել ենք ԵՄ-ի հետ անցումային շրջանի ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում», - առանձնացրեց նախարարը:

Ելույթի վերջում, վկայակոչելով նախագահ Բարոզոյի եւ հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հայտարարությունները, նախարարը շեշտեց, որ նոր ֆինանսական ռեսուրսները, խորացված տնտեսական ինտեգրումը, կրթական հնարավորությունները եւ վիզաների տրամադրման դյուրացումը նոր հնարավորություններ կբացեն առաջընթացի համար:

Համաժողովի շրջանակում նախարար Օսկանյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Թունիսի, Էստոնիայի, Կիպրոսի, Չեխիայի արտործնախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG