Մատչելիության հղումներ

«Հայփոստ»-ը բացահայտել է շահերի բախման եւս մեկ միջադեպ, որի հետեւանքով ընկերության կրած վնասը կազմել է առնվազն 167 միլիոն դրամ:

«Հայփոստ»-ի ղեկավարության հրահանգով կատարվող մի շարք ներքին ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը բացահայտել եւ հայտարարել է, որ 2001 թվականից ի վեր «Հայփոստ»-ը վարձակալել է մի քանի բեռնատարներ` Իրանից, սահմանակից Մեղրի եւ Վրաստանից, սահմանակից Սադախլո ուղղություններով փոստային ապրանքներ եւ առաքանի բեռնափոխադրման նպատակով:

Բեռնափոխադրման պայմանագրերից մեկը կնքվել է «Կոճոռ Տելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որը, ըստ «Հայփոստ»-ից ստացված հաղորդագրության, «փաստացի պատկանում է ՀՀ կառավարության բարձր պաշտոնյաներից մեկին»:

«Մնացած պայմանագրերը կնքվել էին «ՀՍ Տրանս» ՍՊԸ-ի եւ «Արաքս էլեկտրոնիկս» ՍՊԸ-ի հետ: Փաստերը խոսում են այն մասին, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նշված երկու ընկերությունները պատկանում են «Հայփոստ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենին: Նշված երեք հայկական ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերը «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից ուղղակիորեն ստորագրվել են նրա նախկին գլխավոր տնօրենի կողմից», - ասված է հաղորդագրությունում:

«Հայփոստ»-ը դիմել է իրավապահ մարմիններին` վերը նշված փաստերի առնչությամբ հետաքննություն սկսելու խնդրանքով:

«Հայփոստ»-ը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է երկրի ողջ տարածքում իր 900 փոստային բաժանմունքների միջոցով:

Համաձայն անցյալ տարվա նոյեմբերի 30-ին Հայաստանի կառավարության հետ կնքված համաձայնագրի, հոլանդական «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը ներկայումս պատասխանատու է փոստային կապի ազգային օպերատորի գործառնական կառավարման համար:

Ավելի վաղ ընկերության նոր ղեկավարությունը բացահայտված այլ չարաշահումների մասին էլ էր տեղեկացրել: Մասնավորապես, անցած շաբաթավերջին «Հայփոստ»-ը հայտարարեց անօրինական ճանապարհով նամականիշների տպագրության, թողարկման եւ վաճառքի մասին, ինչի հետեւանքով եւս ընկերությունը էական վնասներ է կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG