Մատչելիության հղումներ

Հայաստանցիների 32 տոկոսը երկրում տնտեսական վիճակի բարելավում է տեսնում


«Գելափ» հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնի` հուլիսին անցկացրած հարցումների համաձայն, հայաստանցիների 32 տոկոսը գտնում է, որ տնտեսական վիճակը երկրում բարելավվում է, 27 տոկոսի կարծիքով` տնտեսական վիճակը Հայաստանում գնալով վատանում է:

Հարցվածների 35 տոկոսը Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներից առաջինը նշել է գործազրկությունը, եւ 15 տոկոսն է միայն նշել սոցիալ-տնտեսական վիճակը:

Ղարաբաղյան հիմնախնդիրը առաջնային է համարում հարցվածների 11 տոկոսը, իսկ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը` 3 տոկոսը: Միայն մեկ տոկոսի համար են առաջնային ժողովրդավարության, մարդու իրավունքների, կրթության եւ մշակութային խնդիրները:

«Ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի ստանան երկրի բնակչության մեծամասնության աջակցությունը», - այս հարցին 27 տոկոսը պատասխանել է, թե պետք է բացվեն աշխատատեղեր, իսկ 6 տոկոսը գտնում է, որ իշխանությունները պետք է պարզապես կատարեն տրված խոստումները:

Հայաստանցիների 76 տոկոսը ընդունում է սոցիալական բողոքների արտոնված տարբերակը, 64 տոկոսի համար գերադասելի են չարտոնված ակցիաները:

Հարցվածների 10 տոկոսը նախորդ տարի Հայաստանի իշխանությունների թույլ տված սխալներից ու բացթողումներից է համարում կոռուպցիայի դեմ ոչ բավարար պայքարը:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա հարցվածների 60 տոկոսը քվեարկելիս նախապատվություն է տալիս կուսակցության առաջնորդին, իսկ հարցվածների 68 տոկոսի կարծիքով` 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները արդար չեն անցել: Հարցմամբ ընդգրկվածների եւս 60 տոկոսի համոզմամբ, բավարար միջոցներ չեն ձեռնարկվում հաջորդ տարվա նախագահական ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու համար:

Միջազգային հարաբերությունների առումով, հարցվածների 98 տոկոսը գտնում է, որ Հայաստանի հարաբերությունները լավ են Ռուսաստանի հետ, իսկ 94 տոկոսի կարծիքով` վատ են հարաբերությունները Ադրբեջանի հետ:

Հասարակության 30 տոկոսը լավ ապագա ունենալու հետ մեծ հույսեր չի կապում, իսկ 10 տոկոսն անհանգստացած է եւ սարսափով է լցված ապագայի նկատմամբ:

Հարցվածների միայն 33 տոկոսն է, որ քիչ թե շատ լավ ապագայի ակնկալիքներ ունի:

Հայաստանում ապրողների մեծ մասը գտնում է, թե երկրի վիճակի բարելավման համար շատ ժամանակ է անհրաժեշտ:

Հարցվածների միայն 12 տոկոսն է կարծում, թե երկրի վիճակի բարելավման համար կարճ ժամանակահատվածն էլ է բավական:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG