Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կանաչները Հայաստանի հետ սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու կողմնակից են


Ադրբեջանի կանաչների միության նախագահ Մայիս Գյուլալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է բացի Հայաստանի հետ սահմանը եւ տնտեսական ու դիվանագիտական հարաբերություններ հաստատի այդ երկրի հետ:

Նա հայտնել է, որ իրենք հետազոտություն են անցկացրել, որի հիման վրա կազմված` Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկների փաթեթը նախատեսվում է քննարկման դնել սեպտեմբերի 11-ին «կլոր սեղանի» շուրջ:

Գյուլալիեւն ասել է, թե առաջարկներում, հիմնականում, դիտարկվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տնտեսական, հասարակական եւ քաղաքական ուղղությունները:

Նա անիրական է համարել խնդրի լուծման ռազմական ճանապարհը եւ բացառել է նման տարբերակը: Նրա կարծիքով, այն ձեռնտու է միայն Ադրբեջանի ընդդիմությանը. - «Ընդդիմությունը հասկանում է, որ մոտակա տարիներին չի կարող ընտրությունների միջոցով գալ իշխանության: Այն ուժերը, որոնք իշխանափոխության են ձգտում, ամեն ինչ անում են, որպեսզի իշխանությունները գնան այդ ճանապարհով եւ օգտվելով ստեղծված իրավիճակից` հասնեն իշխանափոխության: Եթե պատերազմ սկսվի, միջազգային կազմակերպությունները բոլոր ջանքերը կգործադրեն իշխանությունը փոխելու համար: Նույնիսկ ՆԱՏՕ-ի զորքերը առանց երկար սպասելու հարված կհասցնեն Ադրբեջանին»:

Գյուլալիեւի խոսքերով, ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով. - «Առաջարկությունների փաթեթում մենք ներկայացրել ենք կառավարության պարտականությունները Ադրբեջանի հանրության, ընդդիմության, միջազգային կազմակերպությունների հանդեպ: Բոլոր պարտականությունները կատարելուց եւ տնտեսությունն ամրապնդելուց հետո Ադրբեջանը պետք է Հայաստանին դուրս բերի տնտեսական շրջափակումից եւ դնի իրենից տնտեսական կախվածության մեջ»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG