Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների մեկ տոկոսն է Հայաստանը նշում Ռուսաստանի առաջիկա 10 - 15 տարիների բարեկամների շարքում


Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հրապարակած հարցումների արդյունքները ցույց են տալիս, թե ռուսաստանցիների կարծիքով, առաջիկա 10 -15 տարիների ընթացքում ո՞ր երկրների հետ Ռուսաստանը բարեկամական, կամ հակառակը` թշնամական հարաբերություններ կունենա: Թշնամի համարվող երկրների ցանկում Հայաստանը չկա, միաժամանակ, հարցվածների ընդամենը մեկ տոկոսն է համարել, որ Հայաստանը Ռուսաստանի համար կլինի բարեկամ երկիր:

Նույնքան ձայն են ստացել նաեւ այնպիսի երկրներ, որոնց հետ Ռուսաստանն այսօր բավական լարված հարաբերություններ ունի, օրինակ` Վրաստանը, Բալթյան երկրները: Եվս մեկ տոկոսը շատ ընդհանուր պատասխան է տվել, թե բոլոր երկրների հետ էլ Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ կունենա:

Ռուսաստանցիները գտնում են, որ առաջիկայում ամենաբարեկամական երկիրը կլինի Չինաստանը. հարցվածների 21 տոկոսը նման կարծիք է հայտնել: Չինաստանից հետո Ռուսաստանի համար ամենաբարեկամական երկրների շարքում հարցվածների 12-ական տոկոսը ձայն է տվել Բելառուսին եւ Գերմանիային, 6-ական տոկոսը` Ֆրանսիային, Հնդկաստանին, Ղազախստանին:

Թվարկված երկրները բացասական պատասխան չեն ստացել, կամ շատ քչերն են համարել, որ այս երկրների հետ Ռուսաստանը առաջիկայում թշնամական հարաբերություններ կունենա:

Օրինակ, չնայած 10 տոկոսը համարել է, որ Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ կունենա, սակայն 24 տոկոսն էլ ասել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները թշնամական կլինեն: «Թշնամական» երկրների շարքում երկրորդը Վրաստանն է` 19 տոկոսն այդ կարծիքն է հայտնել, երրորդը` Բալթյան երկրները` 7 տոկոս: Ընդամենը մեկ տոկոսն է համարում, որ այս երկրների հետ առաջիկայում բարեկամական հարաբերություններ կլինեն:

Ռուսաստանցիները պատասխանել են նաեւ այն հարցին, թե առաջիկա 5 -10 տարիների ընթացքում միջազգային կազմակերպություններից ո՞րը աշխարհում ավելի կարեւոր դեր կունենա: Առաջինը նշվել է Եվրամիությունը, հետո գալիս են Մեծ ութնյակը, ՆԱՏՕ-ն, ՕՊԵԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ը. հաջորդող կազմակերպությունները, այդ թվում եւ ԱՊՀ-ն, 10-ից ցածր տոկոսներ են ստացել:

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հարցումներն անցկացրել է օգոստոսի 25-26-ը` Ռուսաստանի 153 բնակավայրերում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG