Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց հայցը ընդդեմ ՍԻՄ-ի նախագահության


Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը այսօր մերժեց «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) ներկայիս` Հրանտ Խաչատրյանի գլխավորած նախագահության ընտրության օրինականությունը վիճարկող հայցը:

Ավելի վաղ հայցը մերժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը:

Այսպես ասած` ՍԻՄ-ի մյուս թեւի ղեկավար Հայկ Բաբուխանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտարարեց, որ Վճռաբեկ դատարան իրենք չեն դիմելու, եւ արդեն պատրաստ են փաստաթղթերը` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար, ընդ որում, քանի որ նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, իրենք մտադիր են դա անել հնարավորինս շուտ:

Հիշեցմանը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում են տվյալ երկրում բոլոր դատական ատյանները անցնելուց հետո, Բաբուխանյանը հակադարձեց. - «Մենք համարում ենք, որ մեր երկրում սպառվել են արդարադատության բոլոր հնարավորությունները»:

«Բայց Եվրոդատարանն էլ պետք է համարի»` այս հարցադրմանը Բաբուխանյանը արձագանքեց. - «Մեր փաստաբաններն էլ այդպես են մտածում, եւ պատրաստված դիմումը մոտակա օրերին պատրաստվում ենք ուղարկել»:

ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրենք սեփական թեկնածուով չեն մասնակցելու նախագահական ընտրություններին, սակայն մասնակցություն ինչ-որ ձեւով ունենալու են:

Բաբուխանյանը, իր հերթին, ընդգծեց, որ ընտրություններին իրենց մասնակցության ձեւը որոշելու է համագումարը` ի տարբերություն Հրանտ Խաչատրյանի, որը «նման որոշումները կայացնում է միանձնյա»:

1989 թվականին ստեղծված «Սահմանադրական իրավունք» միության ցուցակում ընդգրկված է 3 հազար անդամ, սակայն կուսակցականների թիվը կճշգրտվի վերահաշվառում անցկացնելուց հետո:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG