Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Գուլյանի հարազատները բացարկ են հայտնում գործի քննությունը իրականացնող քննիչին


Մայիսի 12-ին Հայաստանի ոստիկանության գլխավոր քննչական վարչության շենքում վիճահարույց հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանի հարազատները, ինչպես նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Միքայել Դանիելյանը չորեքշաբթի օրը միջնորդագիր են ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որով բացարկ են հայտնում Երեւանի դատախազության քննիչ Հրանտ Չախոյանին, ով իրականացնում է Գուլյանի մահվան առիթով հարուցված քրեական գործի քննությունը:

Ըստ տուժողի իրավահաջորդներ Աշոտ եւ Ջեմմա Գուլյանների եւ նրանց ներկայացուցիչ` Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի, քրեական գործի հարուցման առաջին իսկ օրվանից խախտվել է օրենքը: Բացի այդ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միքայել Դանիելյանը, քննչական գործողություններ, իրենց կարծիքով, չեն կատարվում. - «Դատախազության գործունեությունը մեզ թույլ է տալիս մտածել, որ գործը ուզում են փակել, որովհետեւ դատախազությունը չի ուզում բաց քննություն իրականացնել, ինչպես խոստացել էր ժամանակին, քննիչը չի տրամադրում տուժողի իրավահաջորդին եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին բոլոր այն փաստաթղթերը, որոնք պարտավոր է տրամադրել: Ավելին, ճնշում է գործադրվում այս գործով վկաների` Մարինե Գրիգորյանի եւ Հայկ Մելքումյանի վրա, որպեսզի նրանք Հելսինկյան ընկերակցության դեմ ցուցմունք տան»:

Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Նման մեղադրանք Միքայել Դանիելյանը հնչեցրել էր Երեւանի քաղաքային դատախազության քննիչի նկատմամբ, համապատասխան դիմում էր ստացվել գլխավոր դատախազությունում, բայց դիմումում Միքայել Դանիելյանը վիճարկում էր ինչպես քննիչի գործողությունների օրինականությունը, այնպես էլ պնդում էր, որ ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում վկաների նկատմամբ կիրառվել են բռնություններ: Այդ դիմումին գլխավոր դատախազությունում ընթացք է տրվել, եւ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Եվ ինչպես վկաներն են հրավիրվել բացատրություն տալու, այնպես էլ անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվում են: Երբ նյութերի նախապատրաստմամբ արդեն հստակ որոշում կկայացվի, իրավիճակը կպարզվի` արդյունքների մասին ինչպես Միքայել Դանիելյանը, այնպես էլ հանրությունը տեղյակ կպահվի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG