Մատչելիության հղումներ

logo-print

Թիվ 16 հատուկ դպրոցը աշակերտներին կընդունի վերանորոգված ճաշարանով


Այսօր կայացավ դպրոցի վերանորոգված տարածքների բացման արարողությունը` Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինայի, Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների, այլ պատվավոր հյուրերի մասնակցությամբ: Բացման կարմիր ժապավենը կտրեց Ռուդոլֆ Փերինան:

«Ճիշտ է, ամերիկյան կառավարությունը ֆինանսավորել է այս ծրագիրը եւ իր մեծ ներդրումն ունեցել այս ծրագրում, սակայն կցանկանայի շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ ծրագիրը հաջող ավարտ ունեցավ: Այս գործի իսկական հերոսները ոչ թե մենք ենք, այլ այն մարդիկ, ովքեր տարիների տքնաջան աշխատանքով պահում ու պահպանում են դպրոցը: Մենք պարզապես նրանց ամենօրյա դժվար աշխատանքը փորձեցինք մասամբ հաճելի դարձնել», - ասաց ամերիկացի դիվանագետը:

11-ամյա կրթություն ապահովող գիշերօթիկ այս դպրոցը նախատեսված է թույլ տեսողություն ունեցող երեխաների համար: Դպրոցում սովորում են երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից, ներկայումս այն ունի 6-18 տարեկան 251 աշակերտ, երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ է: 80-90 երեխաներ գիշերում են դպրոցում:

Դպրոցը կառուցումից` 1967 թվականից մինչ օրս չի հիմնանորոգվել: 90-ականներին դպրոցի երրորդ հարկում շուրջ 17 տարի բնակվել են Ադրբեջանից գաղթած փախստական ընտանիքներ, ինչը վատթարացրել է դպրոցի առանց այն էլ անմխիթարական վիճակը:

Դպրոցի տնօրեն Մարիետա Պետրոսյանի խոսքերով, իրենց առջեւ ծառացած հրատապ խնդիրներից առաջնայինը ջեռուցումն է, հաջորդը` գույքը: Այստեղ ներկայումս օգտագործվում է Արագածոտնի մարզի լուծարված գիշերօթիկ դպրոցներից մեկի մաշված գույքը:

Երեւանի Ավան համայնքում կա 9 դպրոց, որոնցից 6-ը, ըստ թաղապետ Տարոն Մարգարյանի, այժմ կառավարության օժանդակությամբ վերանորոգվում են, մնացած 3-ը, այդ թվում այս` թիվ 16 դպրոցը, կընդգրկվեն կառավարության 2008-2009 թվականի դպրոցաշինության ծրագրերում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG