Մատչելիության հղումներ

Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլա Գյուլը երեկ երեկոյան հաստատել է նոր կառավարության կազմը, որ ներկայացրել էր վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Ինչպես եւ սպասվում էր, արտաքին գործերի նախարար է նշանակվել Ալի Բաբաջանը:

40-ամյա Բաբաջանը նախկին կառավարությունում էկոնոմիկայի նախարարն էր, Գյուլի աջակիցը եւ սերտ դաշնակիցը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացում:

Բաբաջանը սովորել է Միացյալ Նահանգների «Նորդուեսթըրն» համալսարանում, տնտեսագետի դիպլոմ ունի եւ նախկին կաբինետում պատասխանատու էր նաեւ տնտեսական բարեփոխումների համար: Բարեփոխումների շնորհիվ Թուրքիան կարողացավ հաղթահարել տնտեսական ճգնաժամը եւ տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճ արձանագրել:

Նախագահի հետ հանդիպումից եւ կառավարության կազմի հաստատումից հետո վարչապետ Էրդողանը լրագրողներին ասել է, թե նոր կառավարությունը մի թիմ է, որը կարող է իրականացնել գալիք ժամանակաշրջանի համար դրված նպատակները: «Ես կարծում եմ, որ մենք ձեւավորել ենք ուժեղ թիմ», - ասել է էրդողանը: Նրա խոսքերով, նոր կառավարության հիմնական նպատակն է աշխատել, որպեսզի Թուրքիան ավելի ազատ ու ավելի բարգավաճ լինի:

Կառավարության նոր կազմը բաղկացած է 25 անդամներից` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից, այդ թվում` երեք փոխվարչապետ, վեց պետնախարար: Կառավարության կազմում ընդամենը մեկ կին նախարար կա:

Նախագահի պաշտոնում Գյուլի ընտրությանը սառնությամբ վերաբերվեցին բարձրաստիճան զինվորականները, որոնք խորհրդարանում ներկա չէին նրա պաշտոնակալության արարողությանը: Այդ փաստը նշվեց որպես բողոքի նշան Գյուլի ընտրության դեմ:

Ընդդիմախոսների մտավախությունն այն, է որ իսլամիստական հայացքներ դավանող Գյուլի նախագահության օրոք Թուրքիան կարող է շեղվել աշխարհիկ կառավարման սկզբունքներից:

Աբդուլա Գյուլը նման մտավախությունները հերքում է: Իր ելույթում նա խոստացավ հավատարիմ մնալ կառավարման աշխարհիկ կարգին, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության սկզբունքներին:

Թուրք հայտնի մեկնաբան Մեհմեթ Ալի Բիրանդն ասել է. - «Ամեն ինչից զատ` Գյուլը նաեւ փոխզիջումների գնացող է»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG