Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը, «Անմեկնելի են Րաֆֆի Հովհաննիսյանի գործերը» վերնագրի ներքո անդրադառնալով Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի օրենսդրական նախաձեռնությանը, գրել է. - «Ո'վ-ով, բայց նախկին արտգործնախարարը, որ վերջին տարիներին, որպես կանոն, հանդես էր գալիս հիմնախնդրի «փոխզիջումային» կարգավորման դիրքերից, քաջատեղյակ է, որ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը` կնշանակեր ձեռնոց նետել միջազգային հանրությանը, խաչ քաշել Մինսկի խմբի ձեւաչափի վրա` ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին, եւ խաղաղ բանակցային գործընթացից կտրուկ շրջադարձ կատարել ուժային լուծումների հարթություն»:

Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի առաջադրման շարժառիթների իր վարկածները շարադրելով` «168 ժամ» թերթի մեկնաբանը գրել է. - «Սա միայն երկու բան կարող է նշանակել. 1. Պարոն Հովհաննիսյանը լավ չի պատկերացնում այդ օրենքի ընդունման հետեւանքները։ Այս պարագայում ստացվում է, որ մենք գործ ունենք հերթական ոչ պրոֆեսիոնալ պատգամավորի հետ։ 2. Պարոն Հովհաննիսյանն իր վրա է վերցնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ միջազգային ատյաններին դիմագրավելու եւ շանտաժ անելու՝ իշխանությունների «սեւ գործը»։ Այստեղ արդեն խաղը գնում է բավականին պրոֆեսիոնալ մակարդակի վրա։ Պարզապես ընդդիմադիր լինելու փաստը փոքր-ինչ կասկածելի է դառնում»։

«Հայք» թերթի փոխանցմամբ, «նախագահի 2008 թվականի ընտրություններից առաջ իշխանությունները տենդագին վաճառում են իրենց ունեցվածքը»։ Թերթի աղբյուրների պնդմամբ, «իշխանության վերին օղակները` իրենց առավել մտերիմ զինակիցներով, վաճառում են ունեցած բոլոր ձեռնարկությունները եւ անշարժ գույքը՝ ակներեւաբար վախենալով 2008 թվականի հնարավոր զարգացումներից»։ «Ռուսաստանյան խոշորագույն ձեռնարկություններից մեկը մտադիր է գնել Հայաստանի երկու խոշոր ցեմենտի գործարանները», - գրել է «Հայք»-ը, որի տեղեկություններով, «Միխայիլ Բաղդասարովը, որը Սերժ Սարգսյանի հորդորով ռուսաստանյան ՎՏԲ-ին վաճառեց Հայխնայբանկում ունեցած իր մասնաբաժինը, ցեմենտի գործարանի հարցում առայժմ կամուկացի մեջ է, քանի որ ռուսները Բաղդասարովին պատկանող Հրազդանի ցեմենտի գործարանի համար ավելի քիչ գումար են առաջարկում, քան Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի համար»։ Իսկ ռուսական ընկերությունը, թերթի պնդմամբ, «համաձայն է գնել միայն երկու գործարանները միասին, որ հետագայում մրցակցի խնդիր չառաջանա»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել է, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Վայոց Ձորի մարզ: Նրան ուղեկցել են «Հանրապետություն» կուսակցության, ՀՀՇ-ի, Ազատական առաջադիմական կուսակցության, «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչներ: «Լեւոն Տեր-Պետրոսյանը ավարտում է իր մարզային հանդիպումները եւ առայժմ չի եղել միայն Սյունիքի եւ Արմավիրի մարզերում», - գրել է թերթը` ամփոփելով. - «Թերեւս մարզային այցերի արդյունքով ՀՀ առաջին նախագահը կկայացնի այն որոշումը, որին սպասում է գործնականում ողջ քաղաքական դաշտը»:

«Եթե ընդդիմությունը չի միավորվելու, ըստ էության նա հակաընդդիմություն է, ոչ թե ընդդիմություն», - «Ժամանակ Երեւան» թերթին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու հավելել. - «Ընդդիմության կեսը պարզապես դուդուկ է նվագում իշխանության պատվերով։ Ընդդիմության մեջ կան մարդիկ, որ երազում են, որ ընտրություններ լինեն, որովհետեւ իրենք էլ են էնտեղ փող աշխատում, վճարվում են իշխանությունների կողմից, եւ կան նաեւ նորմալ մարդիկ, որոնք պարզապես ունեն անձնական ամբիցիաներ»։

«Առավոտ»-ը «Էլ Մոնտե Կառլո չի գնում» վերնագրի ներքո ընդգծել է, որ «փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, թերեւս մշտական ասեկոսեներից խուսափելու համար, առաջին անգամ հրապարակել է այն վայրը, որտեղ անցկացնելու է իր արձակուրդը. նա «թավշյա սեզոնը» կվայելի Սիմֆերոպոլում»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG