Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը որոշեց կալանել «Ռոյալ Արմենիա»-ի սեփականատիրոջը


Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը չորեքշաբթի օրը որոշեց փոխել «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանի խափանման միջոցը եւ կալանել նրան: Քանի որ Հակոբյանը Հայաստանում չէ` իր նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճռից հետո մեկնել է Իսպանիա բուժվելու, դատավոր Սուրեն Ղազարյանը նրան հայտնաբերելը եւ կալանելը հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայությանը:

Դատարանն այսպիսի որոշում կայացրեց` բավարարելով դատախազության միջնորդությունը: Մեղադրող կողմը կարծում է, որ «Ռոյալ Արմենիա»-ի սեփականատերը ոչ թե բուժման նպատակով է մեկնել Իսպանիա, այլ` դատարանից խուսափելու: Մեղադրող Լեւոն Մելքոնյանն ասաց, որ իր կարծիքով, եթե Հակոբյանն իսկապես սրտի հետ կապված խնդիրներ ունի, ապա դրանք բուժելու լավագույն վայրը ոչ թե Իսպանիան է, այլ` Հայաստանը:

Հակոբյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը դատարանի որոշումը «տարօրինակ» որակեց, որովհետեւ իր պաշտպանյալը մեկ ամիս ժամանակ էր խնդրել Հայաստան վերադառնալու համար: «Իսկ եթե անհրաժեշտ է իմ վերադարձը մինչ այդ ժամկետը` ես պատրաստ եմ նաեւ այդպես անել», - ասված էր դատարանին ուղղված` Հակոբյանի դիմումում:

«Նպատակը մեկն է` ամեն ինչ անել, որ Գագիկ Հակոբյանը չգա, որպեսզի դուրս գա, որ իրենք ճիշտ են եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աշոտ Սարգսյանը:

Այս պարագայում իր պաշտպանյալի վերադարձը Իսպանիայից փաստաբանը բացառեց. - «Նա արդեն քաղաքական ապաստարան պետք է խնդրի: Ի՞նչ է նշանակում` մարդը ասում է` «եթե պահանջում ես, գամ», բայց դու խափանման միջոց ես փոխում: Դատի մենք կգանք, դատաստանի չենք գա»:

Աշոտ Սարգսյանը դատախազության` վերաքննիչ բողոք ներկայացնելը եւ ընդհանրապես մեղադրող կողմի պահվածքը դատարանում այսպես է բացատրում. - «Շատ խիստ են նախազգուշացրել այս անգամ դատավորներին, դատախազներին»:

Վերաքննիչ դատարանը Գագիկ Հակոբյանի նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ «Ռոյալ Արմենիա»-ի տնօրեն Արամ Ղազարյանի մասով որոշեց գործն անջատել եւ առանձին քննություն իրականացնել:

Անգամ գործն անջատելուց հետո, այդուհանդերձ, դատախազությունը որեւէ փոփոխություն չկատարեց մեղադրական ճառում եւ շարունակեց մեղադրանքը երկուսի` ե’ւ Գագիկ Հակոբյանի, ե’ւ Արամ Ղազարյանի մասով կառուցել, չնայած երեկվա դատական նիստը շարունակվեց միայն ընկերության տնօրենի մասով:

Փաստաբանը պաշտպանական ճառում դատարանին միջնորդեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը` հաշվի առնելով այն փաստը, որ Արամ Ղազարյանի մեղքն ապացուցող որեւէ փաստարկ չկա:

Մեկ տարի 9 ամիս Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարների` Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի համար մեղադրող կողմը դեռ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, համապատասխանաբար, 12 եւ 11 տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

«Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարները մեղադրվում են մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, խարդախության մեջ` Քրեական օրենսգրքի ընդհանուր առմամբ 5 հոդվածներով: Հակոբյանը եւ Ղազարյանը չեն ընդունում մեղադրանքը` պնդելով, որ գործը «սարքվել է», քանի որ իրենք արիություն են ունեցել Մաքսային կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցներին կաշառառության մեջ մեղադրել:

Դատական նիստը միայն մեկ ամբաստանյալի` Արամ Ղազարյանի մասով կշարունակվի սեպտեմբերի 11-ին: Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց մեղադրանքին ծանոթանալու եւ առարկություններ ներկայացնելու համար:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG