Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Աբդուլա Գյուլին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ շնորհավորել է Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլա Գյուլին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի նախագահի լրատվության վարչության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը:

2003 թվականին Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը գրավոր շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, իր նախկին պաշտոնակցին Թուրքիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ չորեքշաբթի օրը շնորհավորական ուղերձ է հղել նաեւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

Աբդուլա Գյուլին երեկ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հույս եմ տածում, որ Ձեր, ինչպեսեւ մոտ ապագայում ընտրվելիք Հայաստանի նոր նախագահի պաշտոնավարման օրոք թուրք - հայկական հարաբերությունները կմտնեն ներհայեցողության, հետազոտման, բացահայտման եւ վերջնական կանոնակարգման որակապես նոր փուլ», - ասված է, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձում: - «Այս ամենը կարող է տեղի ունենալ ոչ միայն բարձր քաղաքագիտության եւ ստեղծագործական դիվանագիտության շնորհիվ, այլեւ ապագայի անկեղծ, երկուստեք քննման միջոցով` խարսխված Պատմության համարձակ ու աննախադեպ ընդունման վրա»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG