Մատչելիության հղումներ

logo-print

Լիբանանյան «ԿրեդիտԲանկ»-ը մտադիր է Հայաստանում գործունեություն ծավալել


Լիբանանյան հեղինակավոր «ԿրեդիտԲանկ»-ը մտադիր է Հայաստանում գործունեություն ծավալել:

Այսօր ընդունելով բանկի տնօրենների խորհրդի նախագահ Տարեկ Խալիֆայի գլխավորած պատվիրակությունը` վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է այդ մտադրությունը, նշելով, որ այն միանգամայն համահունչ է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման` կառավարության քաղաքականությանը:

Ըստ վարչապետի, բանկի փորձը Հայաստանի համար կարող է նաեւ բավական օգտակար լինել, նկատի առնելով, որ Լիբանանը մշտապես համարվել է ֆինանսական կենտրոն եւ լուրջ առաջընթաց է ունեցել ֆինանսական շուկայի զարգացման գործում:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տարեկ Խալիֆան հայտնել է, որ արդեն հանդիպում-քննարկումներ են կայացել Հայաստանի կենտրոնական բանկի եւ հայաստանյան մի շարք բանկերի գործընկերների հետ, եւ իրենց դիտարկումներով` Հայաստանում զարգացման լուրջ հեռանկար ու բարենպաստ միջավայր կա:

«ԿրեդիտԲանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահը կարեւորել է Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը նաեւ որոշակի ներդրումային ծրագրերում, որոնք ներառում են գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքների զարգացումը, արդյունաբերությունը:

Հայաստանյան շուկայում լիբանանյան կապիտալի ներգրավման գործում երկուստեք կարեւորվել է լիբանանահայ համայնքի դերը եւս: «ԿրեդիտԲանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունում ընդգրկված են նաեւ լիբանանահայ համայնքի հեղինակավոր ներկայացուցիչներ:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունն իր իրավասությունների եւ հնարավորությունների սահմաններում կաջակցի ու կնպաստի Հայաստանի տնտեսության ու նաեւ բանկի համար շահավետ եւ հեռանկարային բոլոր ծրագրերի իրագործմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG