Մատչելիության հղումներ

«Ես զգուշությամբ եմ վերաբերվում, ամեն հանդիպմանը չեմ գնում, մանավանդ որ համոզված չեմ, թե ինչ արդյունքի այն կարող է բերել: Իսկ ինչպես տեսնում եմ, այդպիսի ժողովները արդյունքի չեն բերում», - հայտարարեց Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով ընդդիմադիր դաշտի առաջնորդների հավաքներին իր չմասնակցելը:

«Այդպես հավաքվել` «18 գումարած 1» կամ «50 հանած 6»-ով հավաքվել եւ ուղղակի խոսելը, ես կարծում եմ, իմաստալից չէ», - նշեց Մանուկյանը` հավելելով. - «Բայց թող մյուսները հանդիպեն, խոսեն, եթե դրական արդյունք կլինի` ես միշտ ուրախ կլինեմ»:

Նա հերքեց, թե հանդիպումներին իր չմասնակցելու պատճառը առաջիկա նախագահական ընտրություններում իրեն որպես միասնական թեկնածու առաջադրելու շուրջ ընդդիմադիրների համաձայնության չգալն է. - «Չէ, ես համարում, եմ, որ անհեթեթ է հիմա դրա մասին խոսելը ուղղակի»:

Ընդդիմադիր դաշտի որոշ առաջնորդներ երեկ երկրորդ անգամ էին մեծ ֆորմատով հավաքվել` քննարկելու առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր, այս անգամ` ոչ թե «Մետելիցա» սրճարանում, այլ «Կոնգրես» հյուրանոցում:

Քննարկումներ եղել են, որոշումներ` ոչ: Հավաքի նախաձեռնող, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքերով, իրենք չեն շտապում: Նա հավաստիացնում է, թե անգամ միասնական թեկնածուի մասին դեռ խոսք չկա:

Բացի Ազգային ժողովրդավարական միությունից, այս հանդիպումներին սկզբունքորեն չի մասնակցում նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը:

Երեկվա հանդիպմանը չեն եղել նաեւ առաջին հավաքին մասնակցած «Ժառանգություն» կուսակցությունը եւ Հայոց համազգային շարժումը:

ՀՀՇ-ի մամուլի պատասխանատու Կարեն Կարապետյանի փոխանցմամբ, կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը քաղաքում չէր` «դա էր երեւի գլխավոր պատճառը»: Նրա կարծիքով, հաջորդ հանդիպումներին, եթե այդպիսիք լինեն, ՀՀՇ-ն կմասնակցի:

«Ընդդիմադիր կուսակցությունների հետ որեւէ տարաձայնություն չկա», - վստահեցրեց Կարապետյանը:

«ժառանգություն»-ից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ իրենց խնդրել էին, որպեսզի հանդիպմանը մասնակցի կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն իրենց կուսակցությունում այդպիսի հանդիպումների է գնում Վարդան Խաչատրյանը, այդ իսկ պատճառով էլ չեն ներկայացել հավաքին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG