Մատչելիության հղումներ

Բաքվում տեղի ունեցած աղետի զոհերի թիվը հասել է 7-ի


Երեկ երեկոյան Բաքվում տեղի ունեցած աղետի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 7-ի, կան նաեւ վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակին:

Երեքշաբթի երեկոյան Բաքվում փլուզվել է նոր կառուցվող 16-հարկանի մի շենք: APA գործակալության փոխանցմամբ, շենքի 16 հարկերից արդեն ավարտված էին 12-ը: Փլատակների տակ են մնացել շինարարների բրիգադի անդամները` 15-20 մարդ:

Շենքի փլուզման հետեւանքով տուժել են նաեւ հարեւան մի քանի շենքեր, որոնց բնակիչները տարհանվել են:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, այսօր առավոտյան դեպքի վայր է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որին իրավապահները ներկայացրել են կատարվածի մանրամասները:

Երեկ դեպքի վայրում եղել են երկրի փոխվարչապետը, ազգային անվտանգության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարները եւ գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովը կարգադրել է տվյալ փաստով քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության կանչել շինարարությունն իրականացնող «Մութաֆաքիր» ընկերության տնօրենին: Ըստ նրա, շինարարության ժամանակ չեն պահպանվել անվտանգության կանոնները եւ լուրջ իրավախախտումներ են տեղ գտել: Հայտնի է դարձել նաեւ, որ ընկերությունը պետական գրանցում չունի:

«Մութաֆաքիր» ընկերության ղեկավարներ Ալի Մուրադովը եւ Ասկեր Ալիեւը երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG