Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլն ընտրվեց Թուրքիայի նախագահ


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը երեկ ընտրվել է երկրի նախագահ: Այդ մասին հայտնել է խորհրդարանի խոսնակը:

Գյուլի օգտին քվեարկել է 339 պատգամավոր:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ը փաստում է, որ Թուրքիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամ աշխարհիկ պետության ղեկավար դարձավ մի մարդ, որը իսլամիստական կողմնորոշում ունի:

Գյուլի թեկնածությունը մի քանի անգամ քվեարկվել է խորհրդարանում, սակայն բավարար քվեներ չի ստացել:

Թուրքիայի զինվորականությունը, որը զգալի դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում, բազմիցս է հայտարարել, որ պետության ղեկավարը պետք է խորհրդանշի երկրի աշխարհիկ բնույթը:

Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել նախագահի երդման արարողությունը:

Նախագահը Թուրքիայում ընտրվում է 7 տարով եւ չի կարող վերընտրվել:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ողջունել է Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլա Գյուլի ընտրությունը` հայտարարելով, թե դա բարենպաստ ազդեցություն կունենա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Lինդենը, իր հերթին, հայտարարել է, թե Գյուլը «արդիական բարեփոխական է», եւ հույս է հայտնել, որ նրա նախագահությունը ապագայում կհանգեցնի Թուրքիայի ինտեգրմանը Եվրոպային:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG