Մատչելիության հղումներ

Բաքվում 16-հարկանի շենք է փլուզվել


Այսօր երեկոյան Բաքվում փլուզվել է նոր կառուցվող 16-հարկանի մի շենք:

APA գործակալության փոխանցմամբ, շենքի 16 հարկերից արդեն ավարտված էին 12-ը:

Փլատակների տակ են մնացել շինարարների բրիգադի անդամները, ենթադրաբար` 15-20 մարդ:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության, հանրապետական դատախազության, ներքին գործերի նախարարության աշխատակիցները:

Դեպքի վայր են ժամանել նաեւ երկրի փոխվարչապետը, արտակարգ իրավիճակների նախարարը, ներքին գործերի նախարարը, առողջապահության նախարարը եւ գլխավոր դատախազը:

Առողջապահության նախարար Օքթայ Շիրալիեւը հայտնել է, որ փլատակների տակից արդեն մի քանի մարդ է դուրս բերվել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Շենքի փլուզման հետեւանքով տուժել են նաեւ հարեւան երեք շենքերը, որոնց բնակիչները հայտնել են, որ իրենց երկու ժամվա ընթացքում տներից դուրս գալու հրահանգ է տրվել:

Գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովը հայտնել է, որ արդեն կարգադրել է տվյալ փաստով հարուցել քրեական գործ եւ պատասխանատվության կանչել շինարարությունն իրականացնող «Մութաֆաքիր» ընկերության տնօրենին: Ըստ նրա, շինարարության ժամանակ չեն պահպանվել անվտանգության կանոնները եւ լուրջ իրավախախտումներ են տեղ գտել:

Day.az֊ի վկայությամբ, փլատակների տակից առայժմ դուրս է բերվել երեք մարդ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: Զոհվածի ինքնությունը առայժմ պարզված չէ:

Նույն աղբյուրի համաձայն՝ փրկարարները մի սալ են գտել, որի տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG