Մատչելիության հղումներ

Խաչիկ Մանուկյանը այլեւս ինքնաբացարկի դիմում չի ներկայացնի


Կիրակի օրը թիվ 15 ընտրատարածքում անցկացված Ազգային ժողովի պատգամավորի ընտրությունների արդյունքում հաղթած թեկնածուն` Խաչիկ Մանուկյանը չի պատրաստվում կրկին ինքնաբացարկ հայտնել:

«Հաշվի առնելով իմ ուժը, իմ վստահությունը, իմ ընտրողների կապը, մոտեցումը, նրանց հետ աշխատանքը, համոզված էի, վստահ էի, որ իմ ընտրողները ինձնից չեն հեռանա: Այդ համոզվածությունն էր հիմնականում, որ ես գնացի այդ քայլին, ու հաստատ չեմ փոշմանել ու գտնում եմ, որ ամենաճիշտ տարբերակը դա էր», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց հանրապետական, Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը:

Նա վտահեցրեց, թե ընտրակաշառք չի բաժանել. - «Միայն օգնել եմ իմ ընտրատարածքի մարդկանց»: Հարցադրմանը, որ եթե դա քարոզարշավի ընթացքում է կատարել` նույնպես ընտրակաշառք է, Մանուկյանը հակադարձեց. - «Ժողովրդի պատկերացումն է այդպիսին, որ Ազգային ժողովի պատգամավորը իրենց ոչ թե օրենք գրելով օգնի, այլ առօրյա, կենցաղային խնդիրներ լուծելով»:

Պատգամավոր դառնալու իր ցանկությունը նա բացատրեց «ժողովրդին օգնած լինելու» ցանկությամբ. - «Առանց դրա օգնելը այլ խնդիր է, ասենք, որպես Ազգային ժողովի պատգամավոր, որպես ժողովրդի ընտրյալ` գիտե՞ք ինչ, պատգամավոր բոլորը չէ, որ կարող են դառնալ: Եթե ավելի անկեղծ լինենք, ես գիտեմ, որ կարող եմ այս պետությանը, այս ազգին օգուտ տալ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG