Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն կներկայացվի դատարան


Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանին այսօր հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն` ծանոթացնելու նրա պաշտպանյալի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց փաստաբանը, սեպտեմբերի 7-ին լրանում է իր պաշտպանյալի կալանքի հերթական երկամսյա ժամկետը: Մինչեւ նոյեմբերի 7-ը կալանքը երկարացնելու համար քննչական խումբը ներկայացնում է այն հիմնավորումը, թե մոսկվաբնակ հայազգի գործարար Սաշիկ Աղազարյանը հաստատել է, որ ինքն է Արզումանյանին գումար փոխանցել, եւ քննչական խումբը միջնորդել է Ռուսաստանի Դաշնության դատախազությանը` պարզել Աղազարյանի հայտարարության իսկությունը, ապա հարցաքննություններ, առերեսումներ անցկացնել, պարզել Աղազարյանի եկամուտների օրինականությունը, ինչպես նաեւ` թե որքանով է նա կատարել իր հարկային պարտավորությունները:

Հովիկ Արսենյանի մեկնաբանությամբ` այս հիմնավորումը «ապօրինի եւ զավեշտալի» է: Փաստաբանը հիշեցրեց, որ ըստ Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված մեղադրանքի` նա եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 2007 թվականի ապրիլի 24-26-ը համաձայնության են եկել հետախուզման մեջ գտնվող մոսկվահայ գործարար Լեւոն Մարկոսի հետ` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու վերաբերյալ, իսկ Աղազարյանի անունը առհասարակ հիշատակված չէ:

Դատարանի կողմից միջնորդությունը բավարարելու դեպքում փաստաբանը պատրաստվում է բողոքարկել առաջադրված մեղադրանքը:

Ալեքսանդր Արզումանյանը կալանվել է մայիսի 7-ին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG