Մատչելիության հղումներ

7 հազար կարատանոց ադամա՞նդ


DPA լրատվական գործակալության փոխանցամբ, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հանքերից մեկում արդյունահանել են աշխարհի ամենախոշոր ադամանդը, որի քաշը մոտավորապես 7 հազար կարատ է:

DPA-ն նշում է, որ այս նոր գտածոն երկու անգամ ավելի մեծ է, քան 1995 թվականին հայտնաբերված 3 հազար 106 կարատանոց «Քուլինանի ադամանդը»:

«Քեյփթաուն» հարավաֆրիկյան պարբերականը վկայակոչել է հանքի սեփականատերերից Բրեթ Ջոլիին, որն ասել է, թե «հայտնաբերված նոր ադամանդն ունի բաց կանաչ գույն եւ, ամենայն հավանականությամբ, ամենախոշորն է երբեւէ հայտնաբերված ադամանդներից` դրա քաշը 6 հազար 500-ից մինչեւ 8 հազար կարատ է»: Միաժամանակ, Ջոլին անվտանգությունն ապահովելու պատճառաբանությամբ չի նշել, թե կոնկրետ ո՞ր հանքում է հայտնաբերվել ադամանդը, որի լուսանկարը նա էլեկտրոնային փոստով ուղարկել է «Քեյփթաուն» թերթին:

DPA-ի փոխանցմամբ, «այժմ այդ ադամանդը անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկված արտակարգ պայմաններում փոխադրում են Հարավ-Աֆրիկյան Հանրապետության խոշորագույն քաղաք եւ ֆինանսական կենտրոն 3ոհանեսբուրգ»:

«Եթե այդ քարի արդյունահանման մասին լուրը համապատասխանում է իրականությանը, ապա դա բացառիկ գտածո է: Նույնիսկ եթե պարզվի, որ քարը չունի կատարյալ մաքրություն` դա, միեւնույն է, դարակազմիկ դեպք է», - ասել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության թանկարժեք քարերի գնահատման խորհրդի ավագ փորձագետ Լես Միլները: Նա, միաժամանակ, ասել է, թե քանի դեռ անձամբ չի տեսել գտածոն՝ չի կարող հստակ կարծիք կազմել դրա արժեքի եւ որակի մասին:

DPA-ն նշում է, որ հիշյալ խորհուրդը համագործակցում է ադամանդների արդյունահանմամբ եւ վաճառքով զբաղվող ամենահեղինակավոր ընկերությունների, այդ թվում աշխարհահռչակ «Դե Բիրս»-ի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG