Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը աղետ է համարում «իրանական ռումբ կամ Իրանի ռմբահարում» երկընտրանքը


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ «աղետ» է որակել «կամ իրանական ռումբ, կամ Իրանի ռմբահարում» երկընտրանքը` շեշտելով դրանից խուսափելու անհրաժեշտությունը:

Փարիզում ֆրանսիացի դիվանագետների առջեւ հանդես գալով արտաքին քաղաքական հարցերին նվիրված իր հետընտրական առաջին ծավալուն ելույթով` Սարկոզին շատ կոշտ դիրքերից է խոսել, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի մասին:

«Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ միջուկային զենքով Իրանն ինձ համար անընդունելի է: Ֆրանսիան ամբողջովին սատարում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու եւ միաժամանակ, եթե Իրանը կատարի պարտավորությունները, այդ երկրի հետ երկխոսության հնարավորությունը բաց պահելու` դաշնակիցների քաղաքականությանը»», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը` շեշտելով. - «Սա միակ հնարավոր քաղաքականությունն է, որը թույլ կտա խուսափել այնպիսի երկընտրանքից, որը ես աղետ եմ համարում, այն է՝ իրանական ռումբ կամ Իրանի ռմբահարում»:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ երեկոյան Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կայքէջում տեղադրել է հատուկ հայտարարություն, որի համաձայն, Իրանը եւ ՄԱԿ-ին կից այդ կառույցը համաձայնեցրել են պլուտոնիոմի գիտական հետազոտության խնդրի շուրջ ծագած վեճերը: Պլուտոնիումը ճառագայթող նյութ է, որը կարող է օգտագործվել ոչ միայն գիտական փորձարկումների, այլեւ միջուկային ռումբ ստեղծելու նպատակով:

Իրանը այդ հաղորդագրության մեջ ներկայացրել է նաեւ ուրանի հարստացման ծրագրի վերաբերյալ սպառիչ պատասխաններ տալու ժամանակացույցը: Իրանը հերթական անգամ պնդել է, որ միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG