Մատչելիության հղումներ

«Եթե դատախազական մարմինները պաշտպանված չեն` չի կարելի խոսել սովորական անձանց իրավունքների պաշտպանության մասին»


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը.

Հարց. - Թիվ 15 ընտրատարածքում, նախնական տվյալներով, հաղթել է հանրապետական` Խաչիկ Մանուկյանը: Ինչպե՞ս եք գնահատում, եւ արդյոք տեղեկություններ ունե՞ք քվեարկության ընթացքի հետ կապված:

Կարեն Կարապետյան. - Նախ, ուրախալի է այդ փաստը, եւ շնորհավորում եմ Խաչիկ Մանուկյանին: Կարծում եմ, ընտրարշավը եղել է բավական կոռեկտ, եւ նորմալ պայքարում հաղթել է Հանրապետական կուսակցության թեկնածուն:

Հարց. - Տարօրինակ չէ՞` պատգամավորը պաշտոնական արդյունքներով ընտրվել էր եւ մանդատից հրաժարվեց, ապա նորից ընտրվեց:

Կարեն Կարապետյան. - Բացի այն, որ մենք թիմային սկզբունքների շրջանակներում պետք է գործենք, ընդհանրապես, նաեւ յուրաքանչյուր պատգամավոր ունի իր նախասիրությունները, իր մոտեցումները: Եվ եթե նա այդպես է գտել, որ ինքը պետք է հրաժարվի եւ նորից մտնի պայքարի մեջ` ես ընդամենը ողջունում եմ:

Հարց. - Լոռու դատախազի սպանությունը ինչպե՞ս եք գնահատում եւ ունե՞ք արդյոք ձեր վարկածները:

Կարեն Կարապետյան. - Մենք անձնական լուրջ հարաբերությունների դաշտում էինք, եւ ինձ համար շատ ցավալի է այդ դեպքը: Ես կարծում եմ, որ իրավապահները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ հանցագործությունը բացահայտվի: Դատախազական մարմինները եթե պաշտպանված չեն այսօր երկրում` չի կարելի խոսել այն սովորական անձանց մասին, որոնց իրավունքները պետք է պաշտպանվեն: Ես կարծում եմ, որ նման գործերի չբացահայտումը կբերի է’լ ավելի վատ հետեւանքների:

Հարց. - Դուք ունե՞ք ձեր վարկածները:

Կարեն Կարապետյան. - Դա բացառապես իրավապահների գործն է, ես չեմ ուզում անգամ շատ ինֆորմացիա ունենալ նման թեմաների վերաբերյալ: Եթե մինչեւ օրս իրավապահները որեւէ հայտարարություն չեն արել, ես ընդամենը եզրակացնում եմ, որ դեռեւս իրենք իրենց հանգուցալուծումը չունեն: Եվ ես կարծում եմ, շատ օպերատիվ իրենք պետք է աշխատեն, որպեսզի այդ գործը բացահայտվի:

Հարց. - Մոտենում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Ի՞նչ տրամադրություններ ունի Հանրապետականը, եւ արդյոք կա՞ն հարցեր, որ, կարծում եք, անպայման պետք է օրակարգում ընդգրկվեն ու հենց առաջին քառօրյայում քննարկվեն:

Կարեն Կարապետյան. - Հանրապետականի տրամադրությունը շատ բարձր է, ես կասեի` մարտական:

Հարց. - Ո՞ւմ հետ եք կռվելու:

Կարեն Կարապետյան. - Մարտական` չի նշանակում, որ մենք մարտ ենք վարելու: Ընդամենը տարին ավարտվելուց հետո մենք նոր փուլ ենք մտնում` նախընտրական փուլ, եւ դիրքավորվում ենք, բազիսավորվում ենք, ուսումնասիրում ենք մեր ռեսուրսները, որպեսզի այդ պրոցեսը կանոնակարգված եւ տրամաբանված տանենք եւ հասցնենք տրամաբանական ավարտին:

Ինչպիսի օրենքներ` կառավարության հետ համագործակցված օրենքներ, ահա արդեն իսկ շրջանառության մեջ դրված են: Կարեւորում եմ նաեւ 2006 թվականի բյուջեի կատարողականը, որը սեպտեմբերի 3-ից քննարկման առարկա պետք է դառնա:

Հարց. - Սեպտեմբերի կեսերին, ամենայն հավանականությամբ, Դաշնակցության գերագույն ժողովը տեղի կունենա: Հնարավո՞ր է, որ երբ Դաշնակցությունն իր թեկնածուին հայտարարի, արդեն խորհրդարանական համագործակցությունը չստացվի երկու ուժերի միջեւ:

Կարեն Կարապետյան. - Չեմ կարծում, որ այդպիսի պրոբլեմներ մենք ունենանք: Շատ ցանկալի կլիներ, որպեսզի կոալիցիոն ուժերը եւ համաձայնության դաշտում գտնվող ուժերը միասնական թեկնածուով հանդես գային: Սակայն եթե անգամ Դաշնակցությունը առաջադրում է իր թեկնածությունը` որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Կուսակցությունը, որը ունի որոշակի փորձառություն, թող փորձի իր ուժերը: Մենք համարում ենք մեր ուժերը լրիվ բավարար:

Հարց. - Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի միջեւ հարաբերությունները լարվա՞ծ են:

Կարեն Կարապետյան. - Տաս տարի է, թերեւս, ինչ իրենք իշխանության տարբեր հեծանների դաշտում են, եւ տաս տարի անընդմեջ լսում ենք այդ խոսակցությունները: Ես ընդամենը մեկ բան կարող եմ ասել, որ մարդիկ, որոնք անցել են պատերազմի թոհուբոհով` իրենց հարաբերությունները նաեւ պայմանավորված են այդ անցյալով, եւ բազմաթիվ թելերով իրենք կապված են: Թերեւս, հորինված են, մեղմ ասած, այդ լուրերը, որ պտտվում են:

Հարց. - Ձեր կարծիքով, նախագահ Քոչարյանը նախագահի ընտրություններից հետո որտե՞ղ պետք է լինի:

Կարեն Կարապետյան. - Դա, կարծում եմ, իր որոշման հարցն է:

Հարց. - Մամուլը, այնուամենայնիվ, գրում է, որ Հայաստանում գործող ռուսական ընկերությունները կարող են միավորվել, եւ դրանք միավորված վիճակում կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը` ընտրություններից հետո: Դուք դա տրամաբանակա՞ն եք համարում:

Կարեն Կարապետյան. - Նման հիմքեր դեռեւս չեմ տեսնում:

Հարց. - Իսկ վարչապետ բացառվո՞ւմ է: Նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետը:

Կարեն Կարապետյան. - Դա իրենք պետք է որոշեն, իրենց որոշման հարցն է:

Հարց. - Կան տեղեկություններ, թե Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվելու դեպքում կկամենար ներկայումս Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին տեսնել վարչապետ: Արժանահավա՞տ են այդ տեղեկությունները:

Կարեն Կարապետյան. - Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG