Մատչելիության հղումներ

Վարչապետը մասնակցում է Լոռու մարզի դատախազի հուղարկավորությանը


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր մեկնել է Լոռու մարզ` մասնակցելու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի հուղարկավորության արարողությանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լոռու մարզի դատախազ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Ղազարյանը անհայտ անձի կողմից սպանվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, աշխատանքից տուն վերադառնալիս, իր տան մոտակայքում:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն, Ղազարյանի ուղղությամբ արձակվել է 4 կրակոց, որոնց հետեւանքով մարզի դատախազը ստացել է 3 միջանցիկ եւ 1 կույր վնասվածք՝ թիկունքի, ուսերի եւ պարանոցի շրջանում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակի 4 պարկուճ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը՝ Հայաստանի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սարգսյանի գլխավորությամբ, կատարել է դեպքի վայրի զննություն, դիակի զննություն, նշանակել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «անձի սպանություն` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ»:

Համաձայն գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի հաղորդագրության, ստեղծված քննչական խմբի կազմում ընդգրկվել են Հայաստանի դատախազության, ոստիկանության եւ ազգային անվտանգության փորձառու աշխատակիցները, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները սպանության հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ալբերտ Ղազարյանի սպանության մասին զեկուցվել է գիշերը: Պետության ղեկավարը իրավապահ մարմիններին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` հանցագործությունը բացահայտելու համար, պարբերաբար զեկուցել իրեն քննության ընթացքի մասին: Նախագահը իր ցավակցությունն է հայտնել սպանվածի ընտանիքին եւ հարազատներին:

«Այս ոճրագործությունը, որ ուղղված է ոչ միայն դատախազության բարձրաստիճան պաշտոնյայի, այլեւ ամբողջ իրավապահ համակարգի դեմ, խստիվ դատապարտելի է եւ էլ ավելի վճռական է դարձնելու իրավապահների պայքարը հանցավորության դեմ», - հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

Ալբերտ Ղազարյանը շուրջ 25 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լոռու մարզի դատախազության համակարգում` Վանաձորի դատախազի օգնական, ավագ օգնական, Գուգարքի շրջանի դատախազ, Ստեփանավանի միջշրջանային դատախազի օգնական, Ստեփանավանի միջշրջանային դատախազ: 1999 - 2006 թվականներին եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալը, 2006 թվականի մարտից Լոռու մարզի դատախազն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG