Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը Բաթումիում է


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկվանից աշխատանքային այցով գտնվում է Բաթումիում: Այսօր Աջարիայի կառավարության շենքում Ադրբեջանի արտգործնախարարը բանակցություններ է վարելու վրաց գործընկերոջ` արտգործնախարար Գելա Բեժուաշվիլիի հետ:

Վրաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Նաթո Չիկովանին «Թրենդ» գործակալությանը փոխանցել է, որ «կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` համագործակցությունը ՎՈւԱՄ կազմակերպության շրջանակներում»:

Չի բացառվում, որ քննարկվի նաեւ Բաթումիում Ադրբեջանի հյուպատոսություն բացելու հարցը. Վրաստանի արտգործնախարարության խոսնակը դա ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է:

Միաժամանակ, Աջարիայի տեղական իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ վերջին ժամանակներում աճել է Բաթումիում եւ Քոբուլեթիում հանգստացող ադրբեջանցիների քանակը, եւ դա կարող է առիթ դառնալ Բաթումիում Ադրբեջանի հյուպատոսություն բացելու համար:

Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի արտգործնախարարն էր աշխատանքային այց կատարել Վրաստան եւ նույնպես այցելել էր Բաթումի. հուլիսի 27-ին Վարդան Օսկանյանը Բաթումիում հանդիպել էր Աջարիայի վարչապետ Lեւան Վարշալոմիձեի հետ: Քննարկվել էին Հայաստանի եւ Աջարիայի տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություները, Բաթումիում Հայաստանի հյուպատոսություն բացելու հարցը: Վերջինի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վարդան Օսկանյանն ասել էր. - «Կարծում եմ, դրա ժամանակը իսկապես հասունացել է: Նավահանգստային խնդիրների կարգավորման համար, կարծում ենք, որ նման կետ ունենալը անհրաժեշտություն է` ե’ւ Բաթումիի, ե’ւ Փոթիի նավահանգիստները ծածկելու, որպեսզի անընդհատ դա Թբիլիսիից չարվի»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG