Մատչելիության հղումներ

Թռուցիկների հետ կապված միջադեպ` նաեւ Համահայկական խաղերի փակման արարողության ժամանակ


Կիրակի երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում Համահայկական խաղերի փակման արարողության ժամանակ կրկին թռուցիկների հետ կապված միջադեպ է գրանցվել: Իրավապահները կանխել են թռուցիկներ բաժանելու` մայիսի 12-ին ոստիկանության բաժանմունքում վիճահարույց հանգամանքներում մահացած Lեւոն Գուլյանի հարազատների փորձը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության համախոհ Վարդգես Գասպարյանը, ինքը եւ Lեւոն Գուլյանի հարազատները փորձել են թռուցիկներ բաժանել` հետեւյալ բովանդակությամբ. - «Երկու երեխաների հայր, 31-ամյա Lեւոն Գուլյանը` Երեւանի բնակիչ, մայիսի 12-ին մահացավ ոստիկանությունում: Վերջին տարիներին ավելի քան մեկ տասնյակ մարդ է մահացել ոստիկանության բաժանմունքներում: Ո՞վ է հաջորդը»:

Մի քանի րոպե անց, սակայն, ըստ Լեւոն Գուլյանի քրոջ` Արմինե Գուլյանի, իրենց են մոտեցել իրավապահ մարմինների աշխատակիցներ, խլել են իրենց ձեռքում եղած թռուցիկները եւ պահանջել հանձնել պայուսակում առկա թղթերը:

«Մենք ասացինք` դուք իրավունք չունեք մտնել մեր պայուսակները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Արմինե Գուլյանը. - «Ասացին` այդ դեպքում դուք պետք է ինքնակամ հանձնեք թռուցիկները, հակառակ դեպքում` ձեզ կտանենք բաժանմունք»:

Արմինե Գուլյանի խոսքով, իրենց մոտեցած իրավապահները պնդել են, թե առաջին անգամ են լսում Lեւոն Գուլյանի մահվան եւ նրա հարազատներին հուզող փաստերի մասին: Ու թեեւ Գուլյանի հարազատները հայտարարել են, թե իրականացնում են ազատ արտահայտվելու իրենց սահմանադրական իրավունքը` իրավապահ մարմինները տեղի չեն տվել. -«Ասում էին, թե մենք իրավունք չունենք այստեղ թռուցիկ բաժանել, քանի որ վարկաբեկում ենք ոստիկանությունը: Վերցրին բոլոր թղթերը եւ առաջարկեցին բանավոր պատմել դրանց բովանդակությունը», - ասաց Արմինե Գուլյանը:

Նույնպիսի միջադեպ էր գրանցվել նաեւ Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ` Հանրապետական մարզադաշտում: Այս անգամ էլ իրավապահ մարմինները բռնություն էին կիրառել եւ բերման ենթարկել «Ի պաշտպանություն քաղբանտարկյալների» նախաձեռնող խմբի անդամներին, ովքեր փորձել էին բաժանել թռուցիկներ` «Հայ կամավորականների համախմբման» ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին, Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանին եւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին ազատ արձակելու կոչերով:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG