Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման մասին


Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է վերջերս ստացված տեղեկությունը, որ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերը շարունակելու են հեռարձակվել FM մասնավոր ռադիոցանցով: Համագումարը ափսոսանք է հայտնում, որ այդ կայանի հեռարձակման ծածկույթը ավելի փոքր է, քան ավելի վաղ՝ Հայաստանի հանրային ռադիոցանցով:

Համագումարը հուսով է, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության` հեռարձակման համար պատասխանատու մարմինների միջեւ, որպեսզի ժողովրդականություն վայելող այդ լրատվամիջոցը վերստին մատչելի լինի Հայաստանի բոլոր շրջաններում:

Խնդրի մասին առաջին անգամ հայտնի դարձավ, երբ Հայաստանի խորհրդարանը չկարողացավ ընդունել օտարերկրյա լրատվամիջոցների հեռարձակմանը լրջորեն սպառնացող նոր օրենքը: Տվյալ ծրագրերի, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման համար նոր խոշոր տուրք էր առաջարկվում: Այդ օրենսդրության տապալումը հնարավորություն տվեց «Ար ռադիո» միջմայրցամաքային ընկերության հետ բանակցել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծրագրերի հեռարձակումը շարունակելու համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ, թեպետ` ավելի փոքր լսարանի համար:

Իր հիմնադրումից ի վեր, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հեռարձակումները Արեւելյան Եվրոպայում նպատակ են ունեցել ունկնդիրներին մատուցել հավաստի լուրեր եւ տեղեկատվություն: Այդ հեռարձակումները խթանում են ժողովրդավարական արժեքները եւ տեղական լրատվամիջոցների համար որպես մոդել են ծառայում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Բալթյան երկրներ եւ Ռուսաստան, Սեւ ծով եւ Կովկաս, որտեղ երկրները պայքարում են ժողովրդավարական հաստատությունների կայացման, քաղաքացիական իրավունքների պաշտպանության, ազգամիջյան թշնամանքին եւ տարածաշրջանային հակամարտություններին վերջ տալու համար:

Հայկական համագումարը սատարում է այդ նպատակներին եւ հավատում, որ ժողովրդավարության վրա հիմնված քաղաքական կայունությունը էական է խաղաղության համար` տարածաշրջանում, որտեղ ազատություն ձեռք բերած հասարակությունները պահանջ ունեն տեղեկատվության ազատ հոսքի: «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հեռարձակումները ճշգրիտ, կուսակցական ազդեցություններից զերծ տեղեկատվության կարեւոր աղբյուր են: Դրանք իրենց հայաստանյան եւ մյուս լսարաններին մատուցում են միջազգային եւ ներքին զարգացումներին վերաբերող վերջին լուրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG