Մատչելիության հղումներ

logo-print

Ծառուկյանի եւ Աղաբաբյանի գործընկերները հերքում են երկու գործարարների առնչությունը «Տրիումֆ»-ի մոտ տեղի ունեցածին


Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե օգոստոսի 22-ին Երեւանի «Տրիումֆ» սրճարանի մոտ բախված կողմերը եղել են գործարար֊-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի եւ Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները, երկուսի մերձավոր գործընկերներն էլ հերքում են:

Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես չգիտեմ, թե ինչ բախում է տեղի ունեցել «Տրիումֆ»-ում` դա իրավապահների գործն է, բայց որ բախման կողմերից մեկը հաստատ Գագիկ Ծառուկյանը չի եղել` դրանում ես վստահ եմ, միանշանակ հայտարարում եմ»:

«Գուցե Գագիկ Ծառուկյանը պարզապես տեղյակ չէ», - այս հարցադրմանը Զոհրաբյանը արձագանքեց. - «Ես չգիտեմ` մնացած գործարարները, որոնք ունեն նման ծառայություն թիկնապահական, իրենց թիկնապահների գործունեությանը տեղյակ լինո՞ւմ են, թե՞ ոչ, բայց միանշանակ վստահեցնում եմ, որ պարոն Ծառուկյանը տեղյակ է թե’ թիկնապահների, թե’ այլ աշխատակազմի գործունեությանը: Դա ուղղակի բացառվում է»:

Հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը, ով նաեւ «Հրազդան» հոլդինգի նախագահ, նույնպես հանրապետական Աշոտ Աղաբաբյանի քրոջ ամուսինն է, հայտարարեց. - «Փորձում են պրովոկացիոն լուրեր տարածել: Աշոտ Աղաբաբյանը տասն օր է` Երեւան քաղաքում չէ, եւ որպես «օխրանա» հասկացություն` նման կառույցներ չունի»:

Սահակյանը հերքեց տեղեկությունները, թե «Հրազդան» տոնավաճառի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ կան. - «Որեւէ խնդիր լինել չի կարող, «Հրազդան» տոնավաճառը ե’ւ հարկային քաղաքականությամբ, եւ ընդհանրապես իր գործունեությունը բավարար եւ լավ ձեւով կարողանում է կատարել, եւ նորից պրովոկացիոն լուրեր են` փորձում են ինչ-որ բաներ գտնել, որ իբրեւ թե Հանրապետականի մեջ խնդիրներ կան, եւ արդեն ունեցվածքի բաժանման խնդիր է»:

«Տրիումֆ»-ի մոտ բախման տեղեկությունը այսօր հրապարակած թերթերից մեկի` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով, սակայն, «այդ լուրը, այնուամենայնիվ, ճիշտ է, բայց հասկանալի է, որ օլիգարխները չեն ուզում, որ իրենց մասին այդպիսի բաներ տպագրվեն եւ կարողացել են լեզու գտնել ոստիկանական շրջանակների հետ, ուստի կարողանում են նաեւ հերքել դա»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի անչափահասների միջեւ` «Տրիումֆ»-ին հարակից տարածքում, եւ վերոհիշյալ պատգամավորներից որեւէ մեկի թինապահները դրանում ներգրավված չեն եղել, կրակոցներ չեն հնչել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը պաշտոնական պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Օգոստոսի 22-ին ժամը 18:30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «Թռչող առագաստ» սրճարանի հարեւանությամբ վեճ է տեղի ունենում: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը վիճաբանության փաստ չի արձանագրել, իսկ հիշյալ սրճարանի աշխատակիցներն իրենց բացատրություններում նշել են, որ «Թռչող առագաստ»-ում որեւէ վիճաբանություն չի եղել: Ստացված տեղեկությունների համաձայն, վեճը տեղի է ունեցել «Տրիումֆ» սրճարանի հարեւանությամբ: «Տրիումֆ»-ի աշխատակիցները նշել են, որ բուն սրճարանում ոչ մի միջադեպ չի եղել, վեճը տեղի է ունեցել հաստատության դիմացի մայթին` 14-16 տարեկան պատանիների միջեւ, որոնք շուտով հեռացել են»:

Ըստ մամուլի հրապարակումների, չորեքշաբթի օրը «Տրիումֆ» սրճարանի մոտ երկու խմբերի միջեւ բախում է տեղի ունեցել, որի ժամանակ, որոշ թերթերի պնդմամբ, նույնիսկ կրակոցներ են հնչել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG