Մատչելիության հղումներ

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը երեկ զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին եւ հավաստիացրել նրան, որ Իսրայելը ցանկանում է պահպանել սերտ կապերն այդ մահմեդական երկրի հետ: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Էրդողանի օգնականը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական ազդեցիկ կազմակերպությունը, որը տարիներ շարունակ հերքել է Հայոց ցեղասպանության փաստը, օրերս հիմնովին փոխել է դիրքորոշումը եւ «ցեղասպանություն» տերմինով որակել 0սմանյան կայսրությունում հայության զանգվածային կոտորածը:

«Պերեսն ընդգծել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարեւորությունն Իսրայելի համար, դա շատ արդյունավետ հեռախոսազրույց էր», - ասել է Էրդողանի օգնականը:

Անկարայում Իսրայելի դեսպանատունը չորեքշաբթի օրը հայտնել էր, թե հրեական պետությունն ընդունում է, որ տեղի են ունեցել «սարսափելի դեպքեր» եւ հայությունն «ահավոր տառապանքներ» է կրել, միաժամանակ, Իսրայելը հորդորում է հրեաներին «կողմնակալ չլինել»:

«Տարիների ընթացքում այս թեման հայերի եւ թուրքերի համար ակամա դարձել է քաղաքական բարդ հարց: Իսրայելը խնդրում է չգրավել որեւէ կողմ եւ չընդունել տեղի ունեցածի որեւէ որակում: Մենք հուսով ենք, որ կողմերն իրենք կներգրավվեն բաց երկխոսության մեջ, ինչը թույլ կտա դարմանել վերքերը», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ 1996 թվականին ռազմական պայմանագրի ստորագրումից հետո Թուրքիան Իսրայելի համար դարձել է տարածաշրջանային դաշնակից, ինչը վրդովեցրել է արաբական երկրներին եւ Իրանին: Սակայն Իրաքյան պատերազմի եւ իսրայելա - պաղեստինյան խնդրի հետեւանքով թուրքական հասարակության մեջ նկատելի են դարձել հակաամերիկյան եւ հակաիսրայելական տրամադրություններ:

Իսկ 2006 թվականին Իսրայելի վրդովմունքն է հարուցել այն, որ Էրդողանի իսլամամետ կառավարության հրավերով Անկարա են այցելել «Համաս» մահմեդական խմբավորման բարձրաստիճան պաշտոնյաները: Թուրքերը պատասխանել էին, թե այդ հրավերի նպատակն էր համոզել «Համաս»-ին՝ հրաժարվել ահաբեկչական գործողություններից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG