Մատչելիության հղումներ

Թուրքիայում այսօր կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը


Այսօր Թուրքիայի խորհրդարանում կանցկացվի երկրի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը:

Երկուշաբթի օրը կայացած ընտրությունների առաջին փուլում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուն` արտգործնախարար Աբդուլա Գյուլը հավաքեց 341 ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների առնվազն երկու երրորդը` 367 քվե:

Վերլուծաբանների համոզմամբ, Գյուլն այսօր էլ հաջողության չի հասնի` ստանալով մոտավորապես նույնքան ձայն: Միայն երրորդ փուլում` օգոստոսի 28-ին, երբ կպահանջվի արդեն ձայների պարզ մեծամասնությունը, Գյուլը կկարողանա հաջողության հասնել եւ զբաղեցնել նախագահի աթոռը` պնդում են թուրք փորձագետները:

Թեեւ նախագահական նոր ընտրությունների շեմին թուրքական մամուլը կանխատեսում էր, թե ի տարբերություն ընտրությունների գարնանային փորձի` այս մեկը չի ուղեկցվի սկանդալներով եւ զինվորականության միջամտությամբ, վերջին օրերին տեղի ունեցան այդ կանխատեսումները կասկածի տակ դնող իրադարձություններ:

Երկուշաբթի օրը «Հուրիեթ» պարբերականի հեղինակավոր մեկնաբաններից մեկը` Բեքիր Չոշկունը գրել էր. - «Գյուլի ընտրությունը նախագահի պաշտոնում կնշանակի, որ քաղաքական իսլամը նպաստավոր դիրքեր է զբաղեցնում մեր երկրում: Այս պայմաններում ես` որպես Թուրքիայի քաղաքացի, երբեք չեմ կարողանա ասել` Աբդուլա Գյուլն իմ նախագահն է»:

Վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Ռեջեփ Էրդողանը, սակայն, հենց նույն օրը ուղիղ հեռուստաեթերից դիմելով «Հուրիեթ»-ի մեկնաբանին` հայտարարել է. - «Այն մարդը, ով կարող է ասել` սա իմ նախագահը չէ, պետք է հրաժարվի թուրքական քաղաքացիությունից»:

Էրդողանի այս հայտարարությունը, իր հերթին, վրդովմունքի ալիք է բարձրացրել Թուրքիայում:

«Թըրքիշ դեյլի նյուս»-ի մեկնաբան Յուսուֆ Քանլըն այս առթիվ գրել է. - «Երբ ես լսեցի Էրդողանի հայտարարությունը` տպավորություն ստեղծվեց, որ մենք վերադարձել ենք անցած դարի 70-ականներ, երբ թուրքական համալսարաններում իրար դեմ զինված պայքար էին մղում ազգայնական ու ձախակողմյան խմբերին պատկանող ուսանողները: Այն տարիներին էր, որ ազգայնականները կոմունիստներին ասում էին`«Մի քննադատեք Թուրքիան: Կա’մ սիրեք երկիրը, կա’մ հեռացեք այստեղից»: «Եթե վաղը մի որեւէ ապուշ որոշի հայտնի լրագրողի դեմ սարսափելի մի արարք գործել` արդյոք իրավունք չե՞նք ունենա ասել, որ Էրդողանը նրա հանցակիցն է: Հուսանք, որ այն, ինչ ասել է Էրդողանը, զուտ լեզվի սայթաքում էր, եւ նա չի ցանկանում երկրից վտարել Գյուլի բոլոր ընդդիմախոսներին» - նշել է Յուսուֆ Քանլըն:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG