Մատչելիության հղումներ

logo-print

Ալբերտ Բազեյան. «Հայաստանում քաղաքական դաշտի հստակեցման խնդիր գոյություն ունի»


«Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատեց, որ կուսակցության քաղխորհրդի` դեռ հունիսին կայացած նիստում հրաժարական է տվել:

«Առաջարկ եմ արել` եթե որեւէ մեկը քաղխորհրդի անդամներից, ովքեր միայն խնդիրներ են առաջադրում եւ լուծումներ չեն առաջարկում, կարող է վերցնել կուսակցության պատասխանատվությունը, ղեկավարել քաղաքական խորհուրդը եւ ծավալել այն ակտիվ քաղաքական գործունեությունը, որին դուք նախանձախնդիր եք, խնդրեմ` վերցրեք պատասխանատվությունը, ես պատրաստ եմ հրաժարականի», - ասաց Բազեյանը` հավելելով. - «Այդքանով ավարտվել է մեր խոսակցությունը: Դրանից հետո, համաձայն կուսակցության կանոնադրության, պարտավոր էին հրավիրել քաղաքական խորհրդի արտահերթ նիստ: Եթե ես հրաժարական եմ տվել ու քաղխորհրդի նախագահը չեմ այլեւս, ինչո՞ւ պետք է ես քաղխորհրդի նիստ հրավիրեմ»:

Մամուլում հինգշաբթի օրը հրապարակված հարցազրույցում «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ, Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Սիմոն Գրիգորյանն ասել է, թե քաղխորհրդում եւ ընդհանրապես կուսակցության որեւէ օղակում այլ քաղաքական ուժի հետ միավորվելու հարց չի քննարկվել, որեւէ մեկին էլ չեն լիազորել` մասնակցելու նման բանակցությունների կամ քննարկումների: Ալբերտ Բազեյանը, ըստ Գրիգորյանի, տակտիկական խնդիրների պատճառով է հրաժարական տվել:

Կուսակցության ներսում ծագած խնդիրների մասին Ալբերտ Բազեյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում գերադասեց չխոսել` ասելով միայն. - «Ես բոլորին բացատրել եմ, որ մեզ մնում է երեք ճանապարհ` կա’մ մի քանի տասնյակ կուսակցությունների մեջ զուտ գոյատեւման խնդիր լուծել, կա’մ լուծարվել, կա’մ փորձել ինչ-որ կուսակցությունների հետ համախմբվել, որոնց հետո ունենք որոշակի ընդհանրություններ` գաղափարական, քաղաքական տեսակետների»:

Խորհրդարանական ընտրություններին Բազեյանը մասնակցել էր Հայաստանի ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակով, հետեւաբար` ինչո՞ւ որոշեց քննարկումների մասնակցել «Դաշինք» կուսակցության եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության առաջնորդների հետ. - «Եղել է առաջարկ` համագործակցության, միավորման, կոնկրետ «Դաշինք» կուսակցության կողմից է եղել նման առաջարկ: Մենք քննարկել ենք ընդամենը նման հնարավորությունը: Ես ինքս գտնում եմ, որ Հայաստանում քաղաքական դաշտի հստակեցման, կայացման խնդիր գոյություն ունի, եւ դա հնարավոր է իրագործել ոչ թե պառակտումների ճանապարհով, այլ համախմբման, միաձուլման ճանապարհով, քաղաքական կուսակցությունների խոշորացման ճանապարհով»:

Հիշեցմանը, որ ավելի քան մեկ տարի առաջ նաեւ իր ղեկավարությամբ «Հանրապետություն» կուսակցությունը, իր իսկ որակմամբ` պառակտվեց, ապա ստեղծվեց «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, Ալբերտ Բազեյանը արձագանքեց. - «Այն ժամանակ «Հանրապետություն» կուսակցությունը, մեր գնահատմամբ, շեղվեց իր ծրագրային դրույթներից, այն ծրագրից, որը մենք հաստատել էինք դեռեւս հիմնադիր համագումարում: Մենք էլ համաձայն չէինք այդ որդեգրված կուրսին` դուրս եկանք»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG