Մատչելիության հղումներ

Բոլորից շատ ծխում են hետխորհրդային երկրներում


Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին ուսումնասիրության համաձայն, աշխարհում ամենից շատ ծխում են նախկին խորհրդային պետություններում:

Հարցախույզն անցկացվել է բոլոր մայրցամաքներում: Սոցիոլոգները մի քանի տասնյակ երկրներում նույն հարցով դիմել են չափահաս բնակիչներին. - «Դուք ծխե՞լ եք վերջին շաբաթվա ընթացքում»:

Կուբայի բնակիչների 40 տոկոսը հարցին դրական պատասխան է տվել: Ռուսաստանում, Բելառուսում, Քուվեյթում, Չիլիում եւ Բանգլադեշում հարցվածների 37 տոկոսն է ասել, որ ծխում է:

Էստոնիայում, Լատվիայում, Ադրբեջանում եւ Ինդոնեզիայում ծխողների թիվը 36 տոկոս է կազմել, Ղազախստանում` 35, Լիտվայում` 34, Արգենտինայում եւ Չինաստանում՝ 33, Ուկրաինայում եւ Վիետնամում՝ 32:

Gallup-ի հետազոտության համաձայն, Սլովակիայում, Մավրիտանիայում, Կիպրոսում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում եւ Բուրունդիում ծխում է բնակիչների առնվազն 30 տոկոսը:

ԱՄՆ-ում ծխում է բնակիչների 24 տոկոսը, ինչը համարվում է այդ երկրի պարագայում ռեկորդային ցածր ցուցանիշ:

Չափազանց ցածր թիվ է գրանցվել Նիգերիայում, որտեղ մարդկանց ընդամենը 6 տոկոսն է ծխում: Նման ցուցանիշ է արձանագրվել Սալվադորում, Գանայում, Աֆղանստանում եւ Եթովպիայում:

«Առավել ծխող» երկրներում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը տատանվում է տարեկան 700-ից մինչեւ 3100 ամերիկյան դոլար, այսինքն, դա վկայում է, որ կախվածությունը ծխախոտից կապ չունի եկամուտների մակարդակի հետ:

Մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ «առավել քիչ ծխող» երկրների թվում են, նախ եւ առաջ, առավել աղքատ երկրները: Սակայն այդ երկրներում ակնհայտ է ծխողների աճի միտումը:

Տարածաշրջանային կտրվածքով, ըստ Gallup-ի, բոլորից շատ ծխում են նախկին ԽՍՀՄ-ում եւ Կենտրոնական Եվրոպայում, որտեղ ծխողների միջին թիվը չափահաս բնակչության 29 տոկոսն է կազմում:

«Չծխող» տարածաշրջաններ են Կենտրոնական Ամերիկան եւ Հարավային Ասիան, որտեղ բնակիչների 12 տոկոսն է ծխում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների փոխանցմամբ, ծխելը համարվում է վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը. ամեն տարի աշխարհում ծխախոտից մահանում է շուրջ 5 միլիոն մարդ:

Այսօր աշխարհում ծխում է շուրջ 1 միլիարդ 300 միլիոն մարդ, ընդ որում, զարգացած երկրներում ծխողների թիվն աստիճանաբար նվազում է, մինչդեռ աղքատ երկրներում արագ աճ է գրանցվում:

Թեեւ Gallup-ի վերլուծության մեջ Հայաստանին վերաբերող վիճակագրություն չկա, այնուամենայնիվ, նախկինում արված հետազոտությունները վկայում են, որ Հայաստանում էլ չափազանց մեծ է ծխողների տեսակարար կշիռը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG