Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերին կսկսվեն Գաբալայի կայանի համատեղ օգտագործման հարցով բանակցությունները


Սեպտեմբերի կեսերին Մոսկվայում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը քննարկելու են Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը համատեղ օգտագործելու հարցը: Մինչ այդ` սեպտեմբերի սկզբին, ինչպես օրերս հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, բանակցությունների առաջին փուլը կանցկացվի Բաքվում:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Ջոնաթան Հենիքը հայտնել է, թե սպասվում է, որ Բաքու կժամանի պատվիրակություն Պենտագոնից:

Ռուսաստանը շարունակում է կարծր դիրքորոշում ցուցաբերել Չեխիայում եւ Լեհաստանում հակաօդային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու` Միացյալ Նահանգների ծրագրի առնչությամբ:

Երեքշաբթի օրը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին, Մոսկվայում հանդիպելով Չեխիայի պաշտպանության փոխնախարարին, հայտարարել է, թե դա Չեխիայի կողմից մեծ սխալ կլինի:

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկում է Արեւելյան Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայելու փոխարեն համատեղ օգտագործել Գաբալայի ռադարային կայանը:

Ռուս փորձագետ Ալեքսանդր Գոլցը կասկածում է, թե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համաձայնության կգան այդ հարցում: Նա մեջբերել է գեներալ Վլադիմիր Դվորկինի դիտարկումը. - «Ամերիկացիները պատրաստվում են երկփող հրացան գնել, իսկ մենք նրանց հեռադիտակ ենք առաջարկում»:

Գոլցի կարծիքով, հակաօդային պաշտպանության համակարգի հետ կապված այս ամբողջ պատմությունը քաղաքական է, ռազմական մասն այդտեղ երկրորդական դեր ունի:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG