Մատչելիության հղումներ

Հեղինե Բիշարյան. «Օրինաց երկիր»-ը ունի այնպիսի թեկնածու, որը լավագույնն է»


«Մեր քաղաքական դաշտում մեկ ուրիշ քաղաքական գործիչ, որին կարելի է համեմատել Արթուր Բաղդասարյանի հետ, չկա», - հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հեղինե Բիշարյանը` այսօր կայացած ասուլիսում պատասխանելով նախագահական ընտրություններում հնարավոր լավագույն թեկնածուին վերաբերող հարցին:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը Բիշարյանը, իր խոսքերով, «սովորական է վերաբերվում». - «Եվ եթե դնում են` նրանք, ովքեր գոհ են եղել նրա նախկին աշխատանքային գործունեությունից, թող ձայն տան նրան»:

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի թղթակցի ակնարկին, որ ժամանակին «Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը եւս գոհ էր, Բիշարյանը արձագանքեց. - «Դուք ինքներդ երիտասարդ եք եւ այսօր աշխատում եք Ռոբերտ Քոչարյանի հետ: Դուք գո՞հ եք ամբողջությամբ: Անկախ նրանից` այդ քաղաքականությունը ձեզ գոհացնում է թե ոչ, դուք աշխատում եք, որովհետեւ դա ձեր կյանքն է: Այսօր աշխատում եք այսինչ նախագահի հետ, վաղը աշխատելու եք մեկ ուրիշ նախագահի հետ, ունենալու եք ձեր դրական եւ բացասական տեսակետներն ու մոտեցումները: Իսկ դա ոչինչ չի նշանակում»:

Հեղինե Բիշարյանը հերքեց մամուլի հրապարակումը, թե «Օրինաց երկիր»-ի նախագահը բանակցություններում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու պայման է առաջադրել. - «Այդպիսի բան չի եղել, որ Արթուր Բաղդասարյանը պետք է պաշտպանի ինչ-որ մեկին»:

Միաժամանակ, նա հաստատեց, որ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում, «որի արդյունքում կհստակեցվի, թե ում շուրջ են հավաքվում»:

«Կան ժամանակներ, երբ քաղաքական գործիչները ապրում են իրենց աստեղային պահը, եւ գնում է այդ ժամանակը: Եթե որեւէ մեկը ուզում է դնել իր թեկնածությունը` կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ որեւէ մեկը, ժողովուրդը կտա այդ գնահատականը», - ասաց Բիշարյանը` հավելելով. - «Բայց մենք կարծում ենք, որ ունենք այնպիսի թեկնածու, որը լավագույնն է, գոնե ես իմ կարծիքն եմ ասում, որ նա այնպիսի քաղաքական գործիչ է, որ, այո, պետք է համախմբվեն նրա շուրջ եւ գնան ընտրությունների»:

Պատգամավորը հայտնեց, որ իր կուսակցությունը հանդիպումներ ունեցել է ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, սակայն չմասնավորեցրեց, թե կոնկրետ ի՞նչ ուժերի հետ է բանակցում «Օրինաց երկիր»-ը:

Բացառելով, որ իշխանական ուժերի հետ էլ կարող են լինել բանակցություններ, Բիշարյանը, միաժամանակ, հավելեց. - «Նախագահական ընտրությունների նախաշեմին եթե կլինեն այնպիսի փոփոխություններ քաղաքական դաշտում, որ նոր ձեւավորումներ կլինեն, այդ դեպքում ոչինչ չենք բացառում»:

Հարցին, թե ի՞նչ պայմաններում «Օրինաց երկիր»-ը կհամաձայնի զոհել նախագահական հավակնությունները, կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Զոհելու ոչինչ չկա: Ընդդիմության դաշտում բանակցություններ կան, կան լիդերներ, թեկնածուներ, որոնք իրար հետ քննարկում են բոլոր հնարավոր տեսակետներն ու մոտեցումները: Կարծում եմ, քանի որ բանակցությունները չեն ավարտվել, նախապես տալ գնահատական, թե ով ում կզիջի` ճիշտ չի լինի»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG