Մատչելիության հղումներ

«Ընդդեմ վարկաբեկման միությունը» փոխում է Հայոց ցեղասպանության նկատմամբ իր դիրքորոշումը


ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական կազմակերպությունը փոխել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ եւ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

«Ընդդեմ վարկաբեկման միության» տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի` թուրքերի կողմից հայերի կոտորածները «հավասարազոր են ցեղասպանության»: Նա հայտնել է, թե խորհրդակցել է պատմաբանների եւ իր բարեկամ` Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հոլոքոսթը վերապրած Էլի Վիզելի հետ, եւ համոզվել, որ հայերի հետ պատահածը ցեղասպանություն է:

Այնուհանդերձ, Ֆոքսմանը ասել է, թե իր կազմակերպությունը չի պաշտպանելու ներկայումս Կոնգրեսում շրջանառվող` Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, եւ հայտարարել է, թե այն «ապակառուցողական շեղում է եւ չի նպաստի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը»:

Ինչպես նշում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, դիրքորոշման այս փոփոխությունից ընդամենը օրեր առաջ կազմակերպության Նոր Անգլիայի տարածաշրջանի կառույցի ղեկավար Էնդրյու Թարսին պաշտոնանկ էր արվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Իսկ շուրջ մեկ շաբաթ առաջ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի խորհուրդը որոշում էր կայացրել խզել կապերը «Ընդդեմ վարկաբեկման միության» հետ` վերջինի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառով:

Ֆոքսմանը չի հայտնել` արդյոք Թարսին վերականգնվելո՞ւ է իր նախկին պաշտոնում:

Ամերիկայի թուրքական միությունների համագումարի նախագահ Նուրթեն Յուրալը հայտարարել է, թե հիասթափված է «Ընդդեմ վարկաբեկման միության» որոշումից:

«Դա քաղաքական հարց չէ, դա պատմական հարց է, եւ այն պետք է թողնել պատմաբաններին», - ասել է Յուրալը` հավելելով. - «Միացյալ Նահանգները Թուրքիայի կարիքն ունի, իսկ Թուրքիան Միացյալ Նահանգների կարիքն ունի` շատ, շատ առումներով: Դա իրոք վատ կլիներ երկու երկրների համար էլ»:

Հարվարդի համալսարանի հայկական հետազոտությունների պրոֆեսոր Ջեյմս Ռասելը, սակայն, ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ապացույցները անչափ շատ են, իսկ «ցեղասպանություն» բառը 1940 թվականին ստեղծել է մի իրավաբան, ով փորձում էր հայերի հետ պատահածը նկարագրող հասկացություն սահմանել:

Մասաչուսեթսի նահանգային խորհրդարանի անդամ Ռեյչըլ Գաբրիելյանը ասել է, թե «թեթեւացած, սրտապնդված եւ ուրախ» է «Ընդդեմ վարկաբեկման միության» վերջին որոշման կապակցությամբ:

Ամերիկայի արեւելյան տարածաշրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Տիգրան Գալիկյանը, ողջունելով հանդերձ Ֆոքսմանի նոր դիրքորոշումը, միաժամանակ շեշտել է, որ այն բավականաչափ հեռուն չի գնում, եւ Ֆոքսմանին կոչ է արել պաշտպանել կոնգրեսական բանաձեւի նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG