Մատչելիության հղումներ

Ամփոփվեցին «Դեպի կրթություն բոլոր համար» ծրագրի իրականացման չորս տարիների արդյունքները


Ծրագրի իրականացումը սկսվել է 2003-ի սեպտեմբերից` համաձայն Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ «Առաքելություն Արեւելք» միջազգային մարդասիրական կազմակերպության միջեւ կնքված համաձայնագրի:

Անցած չորս տարիների ընթացքում Երեւանի եւ մարզերի 12 հատուկ եւ հանրակրթական դպրոցներից երկու տասնյակ ուսուցիչներ վերապատրաստվել են որպես հատուկ կրթության չափորոշիչների եւ կրթության ինտերակտիվ մեթոդների կիրառման մասնագետներ:

Երեւանի թիվ 27 ներառական դպրոցը դեռ 1999 թվականից իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում: Դպրոցի նախկին տնօրեն, Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքերով, ներառական կրթությունը կանխում է հատուկ կարիքավոր երեխաների մեկուսացումը հասարակությունից` ներառելով ֆիզիկական եւ մտավոր արատ ունեցող երեխաներին մեկ ընդհանուր կրթական համակարգում:

Ըստ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանի, «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագիրը իրականացվել է նաեւ մի քանի մարզերի հատուկ դպրոցներում` Արմավիրում, Լոռիում եւ Գավառում:

Ծրագրի պատասխանատուները հայտնեցին, որ ծրագրի կիրառումը կշարունակվի նաեւ Տավուշի մարզի հատուկ դպրոցում, առաջիկա տարիներին կտարածվի եւս 15 դպրոցներում, որոնցից 10-ը կլինեն մարզային դպրոցներ:

Դանիական միջազգային զարգացման գործակալությունը ծրագրի իրականացման համար ներդրել է մոտավորապես 800 հազար դոլար: Ծրագրի շահառուներն են արդեն 250 ուսուցիչներ եւ ուսուցման դժվարություններ ունեցող 800 երեխաներ:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG