Մատչելիության հղումներ

Թուրքիայի գլխավոր շտաբ. «Զինվորականությունը քաղաքական ուժերի հետ համաձայնություն չի կնքել»


Թուրքիայի գլխավոր շտաբն այսօր հայտարարել է, որ զինվորականությունը քաղաքական գործիչների հետ որեւէ բանակցություն չի վարել եւ քաղաքական ուժերի հետ որեւէ համաձայնություն չի կնքել:

Այս հայտարարությունը գլխավոր շտաբն արել է այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոչ էր արել զինվորականներին չմիջամտել քաղաքականությանը:

«Անհրաժեշտ է, որ բանակը չխառնվի քաղաքականության գործերին: Սահմանադրությունը հստակ ամրագրում է յուրաքանչյուր գերատեսչության խնդիրները»,֊ - ասել է Էրդողանը:

Երեկ Թուրքիայի խորհրդարանը չկարողացավ առաջին փուլով երկրի նախագահ ընտրել արտգործնախարար Աբդուլա Գյուլին, որը ներկայացնում է իսլամիստական կուսակցությունը: Գյուլը 550-տեղանոց խորհրդարանում ստացել է ձայների մեծամասնությունը՝ 341 քվե, սակայն չի հավաքել քվեների երկու երրորդը` առաջին փուլով ընտրվելու համար:

Մեկնաբանները ենթադրում են, որ Գյուլը կարող է ընտրվել օգոստոսի 24-ին կայանալիք երկրորդ փուլում: Եթե նա այստեղ էլ հաջողության չհասնի, ապա առանց դժվարությունների կհաղթի օգոստոսի 28-ին կայանալիք երրորդ փուլում, քանի որ այդ ժամանակ գործելու է ձայների պարզ մեծամասնության սկզբունքը:

Թուրքիայի բանակը, որը անցած 50 տարիների ընթացքում չորս կառավարություն է գահընկեց արել՝ վերջին շրջանում մի քանի անգամ ակնարկել է, թե չի ողջունի իսլամիստ Գյուլի ընտրությունը նախագահի պաշտոնում: Բանակի եւ ընդդիմադիր աշխարհիկ կուսակցությունների ճնշման արդյունքում Գյուլի ընտրությունն ապրիլին ձախողվել է:

Թուրքիայում հուլիսի 22-ին տեղի են ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում վարչապետի առաջնորդած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Ազգային մեծ ժողովում վերստին մեծամասնություն է ստացել:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Թուրքիայի նախագահի պաշտոնում միշտ ընտրվել է աշխարհիկ վերնախավի ներկայացուցիչը: Եթե ընտրվի 56-ամյա Գյուլը, դա կնշանակի, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը զբաղեցրել է Թուրքիայի քաղաքական հիերարխիայի բոլոր գլխավոր պաշտոնները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG