Մատչելիության հղումներ

logo-print

Նիկոլաս Բըրնս. «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ մի շարք տարաձայնություններ առկա են»


Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները շատ լավ են համագործակցել Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հարցում, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները գործընկերներ են ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում, եւ այդուհանդերձ, երկու պետությունների միջեւ մի շարք տարաձայնություններ առկա են: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բըրնսը «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի կենտրոնակայանում երկուշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ:

Տարաձայնությունները, ըստ Բըրնսի, առնչվում են հատկապես հարեւանների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությանը. - «Լինի դա կիբեռհարձակումները էստոնիայի դեմ, կամ ճնշումը Վրաստանի կառավարության նկատմամբ: Օրինակ, օրերս տեղի ունեցած` կասկածելի օդանավից Վրաստանի տարածքի ռմբահարման չպարզաբանված միջադեպը. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն խոսում է այդ մասին»:

«Սրանք իրական խնդիրներ են, եւ մենք ուրախ ենք զորացնելու մեր հարաբերությունները էստոնիայի եւ Վրաստանի կառավարությունների հետ` հասկացնելու համար, որ նրանք իրական ինքնիշխան եւ անկախ երկրներ են, եւ այս երկրները չպետք է դառնան սադրանքի առարկա որեւէ կառավարության կողմից», - հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը:

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը, դրական գնահատելով Բուշեհրի ատոմակայանի կառուցումը եւ Իրանին ուրանի մատակարարումը հետաձգելու մասին Ռուսաստանի հայտարարությունը, ինչպես նաեւ այն փաստը, Ռուսաստանը երկու անգամ հանդես է եկել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի օգտին, միաժամանակ, հավելել է. - «Բայց մյուս կողմից` Ռուսաստանը անհետեւողականություն է ցուցաբերում, երբ զենք է վաճառում Իրանին: Իրանը օրենք չհարգող երկիր է, ֆինանսավորում է Մերձավոր Արեւելքի տարբեր ահաբեկչական խմբերի, զինում է նրանց, եւ մենք հասկացրել ենք Ռուսաստանին ու Չինաստանին, որպեսզի դադարեցնեն զենքի վաճառքը այդ երկրին»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG