Մատչելիության հղումներ

Բաքվի կրթական խորհուրդը ուսուցչուհիներին արգելել է դպրոց մտնել տաբատներով


Բաքվի կրթական խորհուրդը որոշում է կայացրել, որով ուսուցչուհիներին այսուհետ արգելվում է դպրոցում տաբատ հագնել, եւ նրանք պետք է աշակերտներին ներկայանան միայն կիսաշրջազգեստներով:

Կրթական խորհրդի խոսնակ Զամինա Ալիգիզին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, թե կրթության նախարարությունը այս խնդիրը քննարկում է դեռ մայիսից, եւ որոշվել է նորամուծությունը կյանքի կոչել սեպտեմբերի 1-ից: Ընդ որում, ըստ որոշման, ուսուցչուհիներին համազգեստներով ապահովելու խնդիրը պետք է հոգա պետությունը:

«Բաքվի կրթական խորհրդի որոշման համաձայն, մենք պետք է մեր ուսուցչուհիներին հատուկ համազգեստներով ապահովենք: Խորհուրդ չի տրվում եւ բոլորովին էլ հաճելի չէ, որ ուսուցչուհիները դպրոց են գալիս տաբատներով», - նշել է Ալիգիզին:

Որոշումը նաեւ աշակերտուհիներին է վերաբերում: Կրթական խորհուրդը մայրաքաղաքի բոլոր դպրոցներին հրահանգել է առանց համազգեստների աղջիկներին թույլ չտալ մասնակցել դասերին:

Բաքվի կրթության ոլորտի պատասխանատուները իրենց որոշումը հիմնավորում են բարոյական դաստիարակության նկատառումներով:

Այնուհանդերձ, ադրբեջանցի որոշ ուսուցչուհիներ անարդարացի են համարում այն:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG