Մատչելիության հղումներ

Արթուր Աբրահամը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը


IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պահպանեց իր տիտղոսը` շաբաթ ուշ երեկոյան Բեռլինի «Մաքս Շելինգ Հոլ» դահլիճի ռինգում հաղթելով իրեն ձեռնոց նետած Խորեն Գեւորին: 11-րդ ռաունդում Աբահամը կտրուկ հարվածով նոկաուտի ենթարկեց մրցակցին:

«Նա ցույց տվեց, որ մարտնչող է», - իր հայ մրցակցի մասին ասաց Աբրահամը` հավելելով. - «Բայց յուրաքանչյուրը, ով կցանկանա վերցնել իմ տիտղոսը` կպարտվի»:

Մենամարտի սկզբում ձախլիկ Գեւորը բավական անախորժություններ պատճառեց չեմպիոնին: Հանդիպման ընթացքը սկսեց փոխվել 7-րդ ռաունդում, իսկ հաջորդ ռաունդում Աբրահամին հաջողվեց մի շարք ծանր հարվածներ հասցնել Գեւորին:

Գեւորի մարզիչ Ֆրից Շուդեկը իր սանի մեծ սխալը համարեց այն, որ ուժեղ հարված ստանալուց հետո նա փորձում էր հակահարվածներ տալ:

28-ամյա Գեւորը 30 մրցամարտ է անցկացրել, որոնցից 27-ում հաղթել է, 3-ում` պարտվել: Հաղթանակներից 15-ին նա հասել է նոկաուտով: Աբրահամի հետ մրցամարտում նա իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ նոկաուտի ենթարկվեց:

Արթուր Աբրահամը հաղթել է իր բոլոր 24 մրցամարտերում, որոնցից 19-ը` նոկաուտով: 27-ամյա Աբրահամը մտադիր է եկող տարվանից մրցամարտեր անցկացնել Միացյալ Նահանգներում:

Երկու հայ բռնցքամարտիկներն էլ ապրում են Գերմանիայում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG