Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀՇ-ն «անպայման» առաջադրելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահի ընտրություններում


«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը (ՀՀՇ) 2008 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելու է նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

Նախկին իշխանական կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ում հաշվարկով այսօր ՀՀՇ-ն 7 հազար անդամ ունի, ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. - «Հայոց համազգային շարժում կուսակցությունը առաջադրելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահի ընտրություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ցանկությունը որպես այդպիսին, այսինքն` դրա արտահայտությունը դուք կտեսնեք առաջադրման ժամանակ, երբ կլինի համապատասխան փաստաթղթերի լրացման գործընթացը, հանձնելու գործընթացը»:

«Ինչ վերաբերում է նրան, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հակվա՞ծ է մասնակցել քաղաքական գործընթացներին, իմ խորին համոզմամբ` այո», - շարունակեց Զուրաբյանը: - «Ես կարծում են, որ անպայման առաջադրումը կլինի»:

Զուրաբյանը, ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց, թե նախկին նախագահի հանդիպումները մարզերում «առայժմ միայն թիմակիցների հետ են»` տրամադրություններ շոշափելու նպատակով:

Արարատ Զուրաբյանը «գրեթե անհնար» է համարում, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը ունենան միասնական թեկնածուներ:

Զուրաբյանը նաեւ կարծիք հայտնեց, թե վարչապետ Սերժ Սարգսյանը «չի առաջադրվի» [որպես նախագահի թեկնածու]. - «Որովհետեւ կարծում եմ, որ նա չի հանդգնի առաջադրվել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG