Մատչելիության հղումներ

Ամերիկյան դրամաշնորհով կկատարվեն Կասպիցի հատակով խողովակաշարերի կառուցման հետազոտական աշխատանքները


Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը եւ Միացյալ Նահանգների առեւտրի եւ զարգացման գործակալությունը երեկ համաձայնագիր են ստորագրել, որով Ադրբեջանին 1,7 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացվի Կասպից ծովի հատակով երկու խողովակաշարի կառուցման նախագծի շրջանակներում հետազոտական աշխատանքների համար:

Փորձագետները նշում են, որ, փաստորեն, մեկնարկում է Կասպյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի էներգակիրների արտահանման երկրորդ փուլը. Կենտրոնական Ասիայի երկրները միանում են հարավկովկասյան էներգետիկ նախագծերին:

Կառուցվելիք խողովակաշարերից մեկով Ղազախստանի նավթը միանալու է Բաքու - Ջեյհան նավթամուղին, իսկ մյուսով Ղազախստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գազը Կասպից ծովի հատակով առաքվելու է Եվրոպա եւ միջազգային շուկա:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի եւ գործարարության հարցերով օգնական Դենիել Սալիվանը Բաքվում հայտարարել է, թե «նոր խողովակաշարերը նոր փուլ կհանդիսանան կասպյան էներգակիրների զարգացման համար»:

«Մենք կարծում ենք, ճիշտ ժամանակն է` սկսելու Կասպյան տարածաշրջանի էներգակիրների զարգացման հաջորդ փուլի աշխատանքները: Եվ այդ աշխատանքները մենք սկսում ենք հենց այստեղ` Բաքվում», - ասել է ամերիկացի դիվանագետը:

Սալիվանը, ով Ադրբեջան է եկել Թուրքմենստանից, հայտնել է, որ Թուրքմենստանը հետաքրքրված է էներգետիկայի ոլորտը զարգացնելու հարցում եւ ցանկանում է իր էներգակիրները միջազգային շուկաներ արտահանել այլընտրանքային ուղիներով:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG