Մատչելիության հղումներ

Թիվ 15 ընտրատարածքում գրանցված թեկնածուներից որեւէ մեկը ինքնաբացարկ չի հայտնել


Այսօր ժամը 18:00-ին լրացավ օգոստոսի 26-ին թիվ 15 ընտրատարածքում անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ թեկնածուներից որեւէ մեկը ինքնաբացարկ չի հայտնել եւ քվեաթերթիկում կներառվեն վեց թեկնածուների անունները:

Գրանցված թեկնածուներն են` անկուսակցական Էմին Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, հանրապետական Խաչիկ Մանուկյանը, Թալինի քաղաքապետ, անկուսակցական Մնացական Մնացականյանը, ում սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, դաշնակցական Գուրգեն Շահինյանը, անկուսակցական Վահագն Պետրոսյանը:

Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում այս ընտրատարածքում Խաչիկ Մանուկյանը ձայների ոչ մեծ առավելությամբ հաղթել էր Մնացական Մնացականյանին, սակայն հետո հրաժարվել էր մանդատից` իր քայլը այսպես պատճառաբանելով. - «Քանի որ շրջանառվում են լուրեր, թե տեղի են ունեցել խախտումներ, ճնշումներ եւ այլն, այդ ամենին վերջ տալու համար ես ինքս որոշում եմ կայացրել, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան»:

Խաչիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ լրացուցիչ ընտրություններում եւս իր գլխավոր մրցակիցն է համարում Մնացական Մնացականյանին:

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով, սակայն թիվ 15 ընտրատարածքում անցկացվելիք ընտրություններում առաջադրվել է նաեւ մեծամասնականով:

Քարոզարշավի ընթացքին վերաբերող հարցին «Ժառանգություն» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. - «Համայնքի ղեկավարների, գյուղապետարանների աշխատակիցների հետ տարբեր զրույցների ընթացքում մարդիկ խոստովանում են, որ վերեւներից հրահանգներ են իջեցված այս կամ այն թեկնածուի օգտին որոշակի ձայներ ապահովելու համար»: Միաժամանակ, նա ձեռնպահ մնաց անուններ նշելուց:

Մյուս թեկնածուները հիմնականում նորմալ գնահատեցին քարոզարշավի ընթացքը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG