Մատչելիության հղումներ

Այսօր կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը


Այսօր Բիշքեկում բացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության տարեկան գագաթնաժողովը: Կազմակերպությունում ընդգրկված են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը:

Բիշքեկում հանդիպում են 10 երկրների ղեկավարներ. կազմակերպության անդամ 6 երկրների նախագահներից բացի, գագաթնաժողովին մասնակցում են դիտորդի կարգավիճակ ունեցող Իրանի եւ Մոնղոլիայի նախագահները, իսկ որպես պատվավոր հյուրեր` Աֆղանստանի ու Թուրքմենստանի նախագահները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Գագաթնաժողովը կտեւի մեկ օր: Նախատեսվում է, որ կընդունվեն 10 փաստաթղթեր, որոնցից հիմնականը համարվում է բարեկամության եւ համագործակցության երկարատեւ պայմանագիրը: Ուշադրության կենտրոնում է նաեւ էներգետիկ ոլորտը` նախատեսվում է Շանհայի համագործակցության էներգետիկ ակումբ ստեղծել:

Օրակարգում զորավարժության անցկացման հարց նույնպես ընդգրկված է: «Խաղաղ առաքելություն - 2007» զորավարժությունը նախատեսվում է անցկացնել երկու վայրում` ռուսաստանյան Չելյաբինսկ քաղաքի մոտ ու Չինաստանի արեւմուտքում` Ուրմուքիում: Զորավարժությանը մասնակցելու է 6 հազար 500 զինվորական եւ ռազմական օդուժի 80 միավոր տեխնիկա:

«Ֆայնենշլ թայմս»-ը գրում է, թե Ռուսաստանը «պրկում է մկանները» Կենտրոնական Ասիայի գագաթնաժողովում: Ըստ թերթի հրապարակման, Ռուսաստանը աջակցելու է կազմակերպությանը Իրանի լիարժեք անդամակցությանը: Սակայն որոշ վերլուծաբանները գտնում են, որ Չինաստանը դեմ հանդես կգա:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «բոլոր հիմքերը կան` ասելու, որ կազմակերպության գոյության ընթացքում Բիշքեկի գագաթնաժողովը կլինի ամենաարդյունավետներից մեկը»:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին` նպատակ ունենալով անդամ երկրների համագործակցությունը անվտանգության ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարում: Տարեցտարի կազմակերպության շրջանակներում սկսել են քննարկել նաեւ առեւտրատնտեսական համագործակցության խոշոր ծրագրեր:

Գագաթնաժողովը լուսաբանում են 16 երկրների 500 լրագրողներ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG