Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի տեղեկություններով` Կազանի ազատազրկման վայրերից Հայաստան է բերվում ԱՊՀ-ի հանցավոր աշխարհում հայտնի «Օշականի Գեւորիկ» մականունով «օրենքով գողը»: Ռուսաստանյան մի շարք գաղութներում վերջին շրջանում տեղի ունեցած «սոցիալական» բունտերի կազմակերպումը կապվում էր նրա անվան հետ:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, պնդելով, որ ընդդիմության միավորման համար օբյեկտիվորեն նպաստավոր պայմաններ կան, փաստարկել է. - «Ներքաղաքական կյանքի ընթացքը հուշում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի զգալի մասը կանգնած է լինել-չլինելու երկընտրանքի առաջ, եւ եթե 2008 թվականին հնարավոր չլինի բեկում մտցնել, բազմաթիվ կուսակցություններ ուղղակի կդադարեն գոյություն ունենալ։ Ամբողջ խնդիրն այն է, որ հիմա արդեն հանրության շրջանում ընդդիմադիր գործունեության անիմաստության զգացողություն կա, եւ եթե անգամ 2008 թվականի իշխանական հաղթանակից հետո եղած կուսակցություններից շատերը փակվեն, համեմատաբար ավելի երիտասարդ ընդդիմադիր կուսակցությունները լուրջ դժվարություններ են ունենալու մարդկանց իրենց շարքերը ներգրավելու գործում, որովհետեւ անիմաստության այդ զգացումը է’լ ավելի է խորանալու»։ «Այս ամենը ցույց է տալիս», - բխեցրել է խմբագրականը, - «որ նախագահական ընտրություններից առաջ միավորվելը բխում է ընդդիմադիր կուսակցությունների կենսական շահերից, որովհետեւ ընդդիմադիր գործունեության անիմաստության զգացողության տարածումը կարող է կանգնեցնել միայն հաղթանակը, իսկ ընդդիմության հաղթանակի միակ գրավականը միավորումն է»։

«Գրասենյակը մեռավ. ԲՀԿն անցել է ընդհատակ» վերնագրի տակ «Հայք»-ի վերլուծաբանը փոխանցել է. - «Նախքան Ազգային ժողովի ընտրությունները շատերն էին կանխատեսում, թե մայիսի 12-ից հետո, անկախ խորհրդարանի ընտրությունների արդյունքներից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դադարելու է գոյություն ունենալ։ Իհարկե, դե-յուրե այն դեռ գոյություն ունի՝ խմբակցություն Ազգային ժողովում, նախարարական պորտֆելներ, տեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, բայց Երեւան քաղաքում եւ մարզերի մեծ մասում ԲՀԿ-ն դադարեցրել է իր կառույցների գոյությունը՝ փակելով կուսակցության գրեթե բոլոր գրասենյակները։ Այսօր արդեն ակնհայտ է դարձել, որ «Բարգավաճ Հայաստան»-ն իրենից լուրջ քաղաքական ուժ չի ներկայացնում։ Ստեղծվելով ընտրություններից առաջ՝ ԲՀԿ-ն ընտրողների մի զգալի զանգվածի մեջ հույս արթնացրեց, թե կարող է այլընտրանք դառնալ գործող իշխանություններին, սակայն այսօր ԲՀԿ-ն իրավամբ դարձել է Հանրապետականի կցորդը եւ ունակ չէ ազդելու որոշումների ընդունման վրա»։

Պնդելով, թե մեզանում միջին խավը բավականին մեծաքանակ է` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը պատկերել է. - «Իրականում մեր միջին խավը ոչ միայն ծաղկում է, այլեւ սեփական պայմաններն է թելադրում հասարակությանը։ Եվ նրան տեղը դնելու ոչ մի հնարավորություն չկա, քանզի հայրենի միջին խավը ստվերում է: Ահավասիկ մեքենայով քաղաքում շրջող ավտոտեսուչը, որը վարորդների համար ե՛ւ դատավոր է, ե՛ւ դատախազ, ե՛ւ մաքսավոր ու խնայդրամարկղ՝ մեկ անձի մեջ։ Ո՞վ է նա։ Դատելով աշխատավարձից՝ աղքատ։ Եվ դուք հավատո՞ւմ եք դրան։ Ճիշտ այդպես էլ ոչ ոք չի կարող պատկերացնել նման անհեթեթություն դատախազների, դատավորների, նախարարությունների, գերատեսչությունների, քաղաքապետարանների չինովնիկների եւ այլոց պարագայում։ Նրանցից շատերը բավական ունեւոր մարդիկ են, հայրենի միջին խավ։ Այո, անլեգալ, այո, ստվերային, այո, կաշառքներով ու անօրինական գործարքներով սնվող, բայց տիպիկ միջին խավ։ Ահա եւ ստացվում է, որ բնակչության այդ հատվածը բաղկացած է իր էությամբ օրինախախտներից։ Հետեւաբար՝ ծայրաստիճան ագրեսիվ է, քանի որ ստիպված է մշտապես պաշտպանվել ու հարձակվել։ Միգուցե նաեւ դրանո՞ւմ է սքողված բնակչության ագրեսիվության պատճառն ընդհանրապես»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, պնդելով, թե «թղթային աճպարարությունը» մեզանում համատարած բնույթ է կրում», մասնավորեցրել է. - «Ասենք, քաղաքապետերը եւ թաղապետերը ամենաանպատեհ տեղերում «բուդկաներ» եւ այլ «օբյեկտներ» են դնում՝ ծառեր կտրելով եւ իրենց քաղաքին ու թաղին անշնորհք տեսք տալով։ Բայց երբ դրա մասին գրում ես, նրանք «համոզիչ» փաստաթղթեր են բերում, որ բուդկան կառուցվել է օրենքի այսինչ կետի այսինչ ենթակետի համաձայն, եւ, բնականաբար, շինարարության թույլտվությունը տրվել է միագամայն «անշահախնդրորեն»։ «Տնտեսական աճը» նույն սերիայից է: Նրա գլխավոր բաղադրիչը «էլիտար շինարարությունն է»։ Բայց եկեք մտածենք՝ ովքեր կարող են ապրել, ենթադրենք, Հյուսիսային պողոտայում։ Մարդիկ, որոնք ունեն ոչ պակաս 1 միլիոն դոլար։ Այդպիսիք են Հայաստանում մեր օլիգարխները, որոնք երկու տասնյակից ոչ ավելի են, եւ կոռումպացված չինովնիկները, որոնք համեմատաբար շատ են։ Վերջիններս պարզապես փող են ներդնում անշարժ գույքի մեջ... Ստացվում է՝ իշխանությունը «տնտեսապես աճում է» ինքն իր մեջ», - եզրակացրել է գլխավոր խմբագիրը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG