Մատչելիության հղումներ

Լեո Պլատվոետ. «Հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ չպետք է լինեն գերության մեջ»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում անհետ կորածների հարցերով զեկուցող Lեո Պլատվոետը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ պետք է գտնվեն բժշկական հատուկ հաստատություններում եւ ոչ գերության մեջ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդագրության, Հայաստանում ադրբեջանցի երկու գերի կա, որոնք նման հիվանդություն ունեն` Անար Ալիեւը, որը գերի է ընկել այս ամսվա սկզբին, եւ Աշրաֆ Ջաֆարովը, ով գերության մեջ է հուլիսից, երկուսն էլ` քաղաքացիական անձինք:

Հաղորդագրության համաձայն, հակամարտ երկու կողմերում հիմա 5 գերի կա: Հիշյալ երկու ադրբեջանցիներից բացի, գերության մեջ է նաեւ ադրբեջանական բանակի զինծառայող Սամիր Մամեդովը: Իսկ Ադրբեջանում երկու հայ գերի կա. օգոստոսի սկզբին գերի է ընկել զինծառայող Համբարձում Ասատրյանը, իսկ մայիսին` քաղաքացիական անձ` Վալերի Սուլեյմանյանը:

«Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Lեո Պլատվոետը ասել է. - «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են մաս կազմել եվրոպական կառույցներին ու ՆԱՏՕ-ին, ապա պետք է դադարեցնեն զինվորների գերեվարումը»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական առաքելության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբաթյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելում են գերիներին, բայց որեւէ տեղեկություն չի տրամադրվում, որովհետեւ աշխատանքները կատարվում են գաղտնապահության սկզբունքով, որը, նրա խոսքերով, կենսական անհրաժեշտություն է: Այցելությունների նպատակը զուտ մարդասիրական է, եզրակացությունները, տպավորությունները կիսվում են միմիայն համապատասխան իշխանությունների հետ: Գերիների վերադարձի համար գործում է հետեւյալ կարգը` երբ հակամարտ կողմերը կամ բանակցող կողմերը գալիս են համաձայնության, այդ դեպքում դիմում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն իր մանդատի համաձայն իրականացնում է այդ գործընթացը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG