Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտադիր է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկել Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը


Միացյալ Նահանգները մտադիր է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկել Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը: Այս մասին հաղորդում է «Վաշինգտոն փոստ»-ը` վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների: Թերթը շեշտում է, որ եթե նման որոշում կայացվի, դա կլինի առաջին դեպքը, երբ Միացյալ Նահանգները որպես ահաբեկչական կազմակերպություն է որակում որեւէ ինքնիշխան պետության զինված ուժերը:

Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը որոշել է նման քայլի դիմել` սահմանափակելու Իրանի 125-հազարանոց էլիտար ռազմական ստորաբաժանման աճող ներգրավվածությունը Իրաքում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ Միջին Արեւելքում ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը: Ըստ թերթի աղբյուրի, որոշման կայացման վրա ազդել է Կոնգրեսի ճնշումը` Իրանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի դեմ ՄԱԿ-ի բանաձեւերի արդյունավետության հետ կապված Միացյալ Նահանգների հիասթափությունը:

Հեղափոխության պահապանների կորպուսը ձեւավորվել է 1979 թվականին` Իրանում Իսլամական հեղափոխության ձեռքբերումները պաշտպանելու ու պահպանելու նպատակով: Էլիտար այդ ստորաբաժանումը ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել 80-ականների Իրան - իրաքյան պատերազմի ժամանակ: 125-հազարանոց կորպուսը, որը հայտնի է նաեւ որպես «Փասդարան», հետագայում դարձել է հզոր քաղաքական եւ տնտեսական ուժ Իրանում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Հեղափոխության պահապանների կորպուսի անդամ է եւ իշխանության է եկել կորպուսի ակտիվ աջակցությամբ:

Հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն որակելը թույլ կտա Միացյալ Նահանգներին սառեցնել նրանց բանկային հաշիվները արտերկրում, արգելել որեւէ օտարերկրյա կազմակերպության` աջակցել կամ ծառայություններ մատուցել էլիտար ռազմական ստորաբաժանմանը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի` ահաբեկչությանը սատարող երկրների ցանկում Իրանը հայտվել էր 1984 թվականին, եւ այս նոր քայլը, եթե այդպիսին կատարվի, վկայությունն է Իրաքի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պաշտոնական Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների հետագա սրման:

«Վաշինգտոն փոստ»-ի աղբյուրը շեշտել է, որ նախագահ Բուշի վարչակազմը դեռ չի որոշել` երբ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, սակայն, ըստ նրա, դա կարվի մինչեւ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, որի ժամանակ ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ միջազգային ճնշումը սաստկացնելու հարց բարձրացնել:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG