Մատչելիության հղումներ

Հայաստան ժամանողների թիվը գերազանցում է երկրից մեկնողների թիվը


Ներկայումս Հայաստան ժամանողներն ավելի շատ են, քան երկրից մեկնողները: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի կառավարության միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը:

Եթե 1990-ականների վերջին` մինչեւ 2002 թվականը մեկնողների թիվը 30-40 հազարով գերազանցում էր ժամանողների թիվը, ապա այսօր, Գագիկ Եգանյանի խոսքերով, պատկերը այլ է. - «Անցած տարի դրական մնացորդը 21 հազար 500 մարդ է կազմել: Նախորդ տարի 12 հազար էր, իսկ դրան նախորդող տարում առաջին անգամ դրական արձանագրվեց` 2 հազար 718 մարդ»:

Թեեւ թվային ամբողջական տվյալներ չկան, սակայն, միգրացիայի եւ փախստականների վարչության պետի խոսքերով, այսօր արդեն կարելի է ասել, որ ժամանողներից ոմանք նախկինում արտագաղթածներն են, որոնց մի մասը վերադառնալու որոշում է կայացրել:

Գագիկ Եգանյանը մեկ այլ միտում եւս նշեց. - «Տարեցտարի նկատվում է ուղեւորահոսքերի ծավալների զգալի աճ` 15-18 տոկոսի սահմաններում: Այս տարվա վեց ամիսների կտրվածքով այդ ցուցանիշը կազմել է 36 տոկոս»:

Նա նաեւ հիշեցրեց, որ միգրացիա, բնակչության արտահոսք եւ ներհոսք կա բոլոր երկրներում, եւ դա մշտական գործընթաց է:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG